Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
- Պարո'ն Զուրաբյան, ըստ Ձեզ, ինչպես կանդրադառնա քարոզարշավը չհետաձգելը հետագայում ընտրություններին տրվելիք գնահատականի վրա:
-Ընտրություններն արդեն լրիվ ապականված են: Սա ընտրություն չէ, այլ ֆարս: Ստեղծված է մի ընտրակեղծարար մեքենա, որն ապահովում է 700 հազար ձայների կեղծում, եւ եւս մեկ խախտումը ընդամենը եւս մեկ խախտում է:
-Այսինքն` նման միջադեպից հետո, երբ կրակում են թեկնածուներից մեկի վրա, քարոզարշավը գոնե երկու շաբաթով չհետաձգելը օրենքի խախտո՞ւմ է:
-Հիմա շատ դժվար է հասկանալ այն տեղեկատվությունը, որ տրվում է թեկնածուի, իշխանությունների եւ բժիշկների կողմից: Նախ` շատ հակասական ինֆորմացիա է, մեկը մյուսին հակասող բաներ են ասում, եւ բացարձակապես պարզ չէ, թե որն է ճշմարտությունը: Անհասկանալի է, թե ինչու են անմիջապես խոսում ինչ-որ վարկածների մասին եւ որեւէ հիմնավորում չեն տալիս իրենց իսկ առաջ քաշած վարկածներին: Դժվար է հասկանալ` որն է ճշմարտություն, ինչ է կատարվել, ինչ պետք է լիներ կատարվածի հետեւանքը: Բայց, անկախ ամեն ինչից, ես մեծ նշանակություն չեմ տալիս այս ամենին, որովհետեւ առանց այս միջադեպի էլ, առանց այս միջադեպի հակասական եւ ցնորական գնահատականների էլ, այդ թվում` առաջին հերթին իշխանությունների կողմից, այս ընտրությունները ի սկզբանե մեզ համար ֆարս են:
-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ է, երբ առաջին օրը Հայրիկյանն ասում էր, որ սրա հետեւում ռուսական իմպերիալիզմն է, իսկ հետո` թե ներքին ուժերին էր ձեռնտու: Հենց առաջին օրվանից իշխանությունները հայտարարում էին, որ սա ուղղված էր նախեւառաջ իշխանությունների դեմ, հետո նոր հիշում էին պետությունն ու պետականությունը:
-Ձեր հարցն արդեն իսկ պատասխան է պարունակում, եւ ես Ձեզ շնորհակալ եմ այս հարցի համար, որն արդեն իսկ ինձ ազատում է պատասխան տալու պարտականությունից:
-Այս միջադեպը Հայրիկյանի վարկանիշի վրա դրակա՞ն կանդրադառնա:
-Դա էլ եմ համարում շատ երկրորդական բան եւ չեմ էլ ուզում վերլուծել: Հայաստանյան այսօրվա ընտրարշավներում վարկանիշները ոչ մի նշանակություն չունեն: Իհարկե, եթե լիներ միացյալ ընդդիմադիր բեւեռ, ինչպես եղավ 2008թ.-ին, ընտրակեղծարար մեքենան կարող էր եւ խափանվել: Եվ հիմա երբ նման բեւեռ չկա, մոբիլիզացիա չկա, ժողովրդի ակտիվություն չի նկատվում, նման վիճակում իշխանությունը պահպանում է ընտրությունների ցանկացած արդյունք գրելու հնարավորությունը՝ իրենց ուզած տարբերակով: Դա է, ըստ էության, պատճառը, որ թեկնածուները Սերժ Սարգսյանի դեմ մրցակցում են պոլիտկոռեկտության դաշտում, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ վերջնական, պաշտոնական արդյունքը կախված չէ իրենց իրական վարկանիշից, այլ կախված է Սերժ Սարգսյանի ռեժիմի որոշումից: Նրանք ցանկացած արդյունք կարող են գրել:
-Սերժ Սարգսյանը սեփական քարոզարշավի ժամանակ ինչո՞ւ է քարոզում Բագրատյանին, Հայրիկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Պատճառը շատ պարզ է, քանի որ հիմնական քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, չեն մասնակցում այս ընտրություններին, եւ Սերժ Սարգսյանը մրցակցում է մարգինալ նշանակություն ունեցող քաղաքական ուժերի հետ, նա պետք է պատրանք ստեղծի, որ իրականում լուրջ, քաղաքական ուժերի հետ է մրցակցում: Դա է պատճառը, որ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ իշխանությունը զբաղված է մրցակից թեկնածուների գովերգմամբ, նրանց վարկանիշի աճեցմամբ եւ պրոպագանդայով: Մարգինալ ասելով` բացարձակապես չեմ ուզում որեւէ թեկնածուի նվաստացնել կամ անձնական որակները նսեմացնել, խոսքը քաղաքական մարգինալության մասին է: Այս թեկնածուների հետեւում կանգնած են մարգինալ քաղաքական ուժեր: Իշխանությունների միակ խնդիրն այն է, որ ե'ւ ժողովրդին, ե'ւ միջազգային հանրությանը ցույց տան, որ հաղթել են լուրջ հակառակորդների:
-Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում մի քանի միջադեպեր գրանցվեցին, դրանք կազդե՞ն նրա վարկանիշի վրա:
-Ես նորից եմ կրկնել, որ ՀՀ-ում որեւէ վարկանիշ ունենալը որեւէ նշանակություն չունի:
-Լավ, այդ դեպքում ինչո՞ւ է նման «սխալներ» թույլ տալիս:
-Որովհետեւ իրեն կախված չի զգում հանրային կարծիքից: Շատ լավ հասկանում է, որ իր սայթաքումները, ջղաձգումները որեւէ նշանակություն չունեն, դրա համար էլ շատ ազատ արտահայտվում է, շատ ազատ ցույց է տալիս իր ցածր մակարդակը, իր ջղայնությունը թափում է ժողովրդի վրա` առանց վախենալու որեւէ հետեւանքից:
-Ինչպե՞ս է քվեարկելու ՀԱԿ-ի ընտրազանգվածը:
-ՀԱԿ-ի ընտրազանգվածը հիմնականում հասկանում է, որ այս ընտրությունները ֆարս են, եւ հենց նման մոտեցում էլ ունի այս ընտրությունների նկատմամբ: Կարծում եմ, որ ինչ-որ մի մասը պարզապես չի գնա ընտրությունների, իսկ մի մասն էլ կգնա եւ անվավեր կդարձնի քվեաթերթիկը:
-Դուք է՞լ եք անվավեր դարձնելու:
-Այո, ես գնալու եմ ընտրության եւ անվավեր եմ դարձնելու իմ քվեաթերթիկը՝ ի նշան բողոքի: Իրենց ֆարսին պատասխանելու եմ իմ ֆարսով: Ես կարող եմ իմ քվեաթերթիկի վրա գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: Որովհետեւ կարծում եմ, որ եթե նորմալ ընտրություններ լինեին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավասարը չէր ունենա եւ, անկախ տարիքից կամ այլ հանգամանքներից, պետք է հաղթեր այս ընտրություններում եւ կհաղթեր:
Զրուցեց Ագնեսա Խամոյանը