կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 14:55
Հասարակություն

Ծառուկյանի մասին խոսելիս Լեւոն Զուրաբյանը հիշեց Բիձինա Իվանիշվիլիին

Ծառուկյանի մասին խոսելիս Լեւոն Զուրաբյանը հիշեց Բիձինա Իվանիշվիլիին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին, այն համեմատեց պատերազմի հետ: «Երբ դուրս ես գալիս պատերազմի, կան և' սպասելի, և' անսպասելի քայլեր: Ոչ ոք չի կարող հաշվարկել՝ ինչ ընթացք կունենա պատերազմը»,- ասաց պատգամավորը:

 

Նա հրաժարվեց կանխատեսել, թե ինչպիսի՞ն են լինելու ՀԱԿ-ի հարաբերությունները դաշնակից ԲՀԿ-ի հետ: «Մենք մեր ռազմավարությունը կառուցում ենք այն ուղղությամբ, որ փորձենք կառուցել այս ռեժիմի հեռացման ամենաարդյունավետ ռազմավարությունը: Սա է մեր մոտեցումը. այսպես էինք վարվում 2007-ին, 2008-ին, 2011-ին, երբ սկսեց գործել քաղաքագիտական վերլուծությունը, որը փայլուն հաջողության հասավ, որովհետև ԲՀԿ-ն անցավ ընդդիմադիր դաշտ և իր ամբողջ ռեսուրսներով միացավ դիմադրության պայքարին: Պատերազմում ամեն ինչ հնարավոր է: Ստեղծված իրավիճակը մենք պետք է վերլուծենք: Որոշ գործընկերների հետ մենք պետք է ճշտենք հարաբերությունները, որոշակիացնենք իրավիճակը, բայց, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվում` պայքարը շարունակվում է, և մեր նպատակը մնում է անփոփոխ, այն է՝ Հայաստանում հաստատել ժողովրդավարություն՝ հեռացնելով Սերժ Սարգսյանի ռեժիմը»:

 

Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի օլիգարխ ղեկավարը առավել խոցելի չէ` ընդդիմադիր դաշտում գործելու համար, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Կոնգրեսը խոցելի չէ: Քանի՞ մարդ լքեց մեր շարքերը՝ չդիմանալով բռնաճնշումներին, հարձակումներին, հետապնդումներին… Ոչ մի քաղաքական ուժ իմունիտետ չունի: Մեզ արդեն 8 տարի է, ինչ հետապնդում են, բայց դա չի նշանակում, որ պայքարը պետք է ավարտվի: Ով դիմանում է, ով շարունակում է մնալ կռվի մեջ, մենք ողջունում ենք: Օլիգարխները ունեն մեծ ռեսուրսներ: Բիձինա Իվանիշվիլին, օրինակ, լինելով օլիգարխ, կարողացավ բավական լուրջ փոփոխությունների հասնել Վրաստանում: Ուստի ոչ ոք չի կարող հաշվարկել՝ ինչ ընթացք կունենա ճակատամարտը: Բայց այն, որ մեր ռազմավարությունը՝ միավորել բոլոր ռեսուրսներն այս ռեժիմի դեմ, ճիշտ քաղաքականություն է, կասկած չունեմ»:

 

Լևոն Զուրաբյանը նշեց, թե չի կարող ասել՝ ինչ կլինի ԲՀԿ-ի հետ ապագայում, և հորդորեց սպասել մինչև ԲՀԿ-ն կկողմնորոշվի՝ ինչ տեղ է զբաղեցնելու քաղաքական դաշտում: «Դրա համար ես դեռ չեմ ասում՝ մենք գործելու ենք ԲՀԿ-ի հետ, թե` առանց ԲՀԿ-ի»,- ասաց նա: