Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միտինգային և հեղափոխական տեսակ չեմ, բայց քաղաքացիական ընդվզումներին ներկա եմ լինում. այսօր լրագրողներին ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի վաստակավոր արտիստ Գագիկ Գինոսյանը: Նա կարծիք հայտնեց, որ այս օրերին ամեն մի սրտացավ մարդ պետք է ակտիվիստների կողքին լինի:
Խոսելով ակցիաներին իր մասնակցության մասին` Գինոսյանն ասաց. «Ես բարոյապես չէի կարող թույլ տալ ինձ բացակայել այնտեղից, քանի որ իմ սաներն էին այնտեղ»:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև Գինոսյանին և, օրենքի խախտմամբ, մոտ 11 ժամ պահել ոստիկանական բաժանմունքում:
«Ես օգնության էի շտապել օպերային մերերգչուհի իմ սանին, ում մի քանի հաղթանդամ տղամարդիկ փորձում էին բերման ենթարկել: Նրանցից մեկը, դիմելով մյուսներին, թարախոտ դեմքով ասաց՝ սրան էլ կանդալեք»,- պատմեց Գինոսյանը և հավելեց, որ եթե անգամ ոստիկանների՝ փողոցն ազատելու պահանջն օրինական էր, ոչ ոք իրավունք չունի մեր նկատմամբ սանձարձակ վերաբերմունք դրսևորելու:
Նա անդրադարձավ նաև իրեն նարկոդիսպանսեր տանելու և օրգանիզմում թմրանյութի առկայություն ստուգելու փաստին: «Աղջիկներին բերել էին` խմածությունը ստուգելու, իսկ մեզ՝ թմրանյութի առկայությունը: Բայց նարկոդիսպանսերում մեր նկատմամբ աննկարագրելի վերաբերմունք ցուցաբերեցին. տնօրենը տեսնելով մեր վիճակը՝ ուտելիք բերել տվեց, և մեզ հյուրասիրեցին»,- պատմեց Գինոսյանը:
Ավելի ուշ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գագիկ Գինոսյանին ասել է, թե ոստիկանները նրան չեն ճանաչել, դրա համար էլ բերման են ենթարկել: Սակայն, ըստ Գինոսյանի, չի կարելի հայտնի մարդուն տարանջատել շարքային քաղաքացուց: