| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրեց իր դիրքորոշումը կառավարության երկու նախագծերի` շրջանառության հարկի նվազեցման և ընտանեկան բիզնեսին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ավելի վաղ ԲՀԿ-ն հանդես է եկել նմանատիպ առաջարկություններով, սակայն Տիգրան Սարգսյանի կառավարությունը իմպերատիվ կերպով մերժել է այդ առաջարկությունները:
«Մենք, իհարկե, կողմ կլինենք այդ նախագծերին»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաև նշեց, որ ԲՀԿ-ն դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Պատգամավորն ասաց, որ, ԲՀԿ-ի մոտեցմամբ, տնտեսվարող սուբյեկտների, ատոմակայանների, Երևանի և Հրազդանի ՋԷԿ-երի բիզնես ռիսկերը չեն կարող բաշխվել սպառողների վրա:
«Եթե ՀԷՑ-ը ոչ արդյունավետ աշխատանքի կամ այլ ռիսկերի պատճառով ճեղքվածք ունի, դա չի կարող փակվել սպառողների հաշվին: Մենք պայքարելու ենք այդ թանկացումների դեմ»,- ասաց Միքայել Մելքումյանը` հավելելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական ձևով կհանգեցնի ավելի մեծ թանկացումների, արդյունքում` աղքատության մակարդակը կբարձրանա, իսկ հանրային դժգոհությունները կաճեն:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ԲՀԿ-ի համար հիմնավոր չեն եղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի պարզաբանումները` սակագնի բարձրացման հետ կապված, ավելին` նա չի բացառել, որ դա նաև ոլորտի կազմակերպությունների վատ մենեջմենթի արդյունք է:
«Աբսուրդ է, որ այդ կազմակերպությունների վատ մենեջմենթի հետևանքների համար պետք է վճարի ՀՀ քաղաքացին, և մենք կգործադրենք բոլոր ջանքերը` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար»,- ասաց պատգամավորը: