Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Հանրապետության հրապարակում բազմաթիվ վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացումների՝ «ԱՊՊԱ-ն չի՛ թանկանալու» կարգախոսով եւ մեքենաների վրա այլ գրություններով։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի հետեւանքով բարձրացվելու են բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Բյուրոյի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ վթարների թվի աճ եւ փոխհատուցման ծավալների ավելացում, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացում, ծառայությունների որակի բարձրացման ձգտում: Որոշման վրա ազդել է նաեւ ավտոմեքենաների վերանորոգման գնի ավելացումը, պահեստամասերի թանկացումը եւ այլն։
«Եթե վթարը լինում է իմ մեղքով եւ հարվածում եմ շատ թանկարժեք մեքենայի, վճարը 300 տոկոսով բարձրանում է: Սա է մեր դժգոհությունը: Ես ո՛չ որեւէ մեկից ակնկալիք ունեմ, ո՛չ հանդիպում եմ պահանջում, ուղղակի ես իմ անհամաձայնությունն եմ արտահայտում»,- ասաց ակցիա իրականացնող վարորդներից մեկը։
Բերման ենթարկելու ընթացքում մարմնական վնասվածք ստացած մի վարորդ աղաղակում էր․ «Քթիցս արյուն ա գալիս, կանգնի՛։ Մեքենայիս մեջ 2 հազար դոլար գումար կա, հենց նոր չթողեցին մեքենայիս դռները փակեմ»։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Yerkir.am-ին տեղեկացրին, որ ԱՊՊԱ–ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել, 3 մեքենա էլ տեղափոխվել է տուգանային հրապարակ։
Արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։
Լիանա Սարգսյան