կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-30 14:15
Հասարակություն

Քաղաքական ուժերը կմասնակցեն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային

Քաղաքական ուժերը կմասնակցեն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային

Հայտնի է, որ վաղը` ժամը 10:30-ին, ՀԾԿՀ շենքի առջեւ` Սարյան 22 հասցեում, ՀՀ քաղաքացիները հավաքվելու են` իրենց բողոքն արտահայտելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:


Իսկ քաղաքական գործիչներից կամ կուսակցություններից ովքե՞ր են մասնակցելու այդ բողոքի ակցիային: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը մասնակցելու է և ՀԾԿՀ շենքի մոտ կլինի ժամը 11-ին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը նշեց, որ ինքն անձամբ մասնակցելու է այդ բողոքին, եւ հրավիրեց իր բոլոր ընկերներին` նույնպես մասնակցել: «ՕԵԿ-ը կմասնակցի այդ բողոքին: Կուսակցության  բազմաթիվ ակտիվիստներ, երիտասարդներ կմասնակցեն այդ ակցիային, որովհետև մենք դեմ ենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և չենք սահմանափակվելու` դիմելով դատարան և ՀԾԿՀ-ին: Դրսում պիտի բարձրացնենք մեր բողոքի ձայնը»,- ասաց նա:


Միսակյանը հավելեց, որ վաղը ՀԾԿՀ նիստին մասնակցելու է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով դիմել է ՀԾԿՀ-ին գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման պահանջով: Ավելի վաղ ՕԵԿ-ը վարչական դատարան էր դիմել էլեկտրաէներգիայի թանկացման հարցով:


ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տեղյակ չէր, որ  բողոքի ակցիա է լինելու: Մեր հարցին` հնարավո՞ր է` ԲՀԿ-ից մասնակցություն լինի, պատասխանեց. «Չգիտեմ, նման հարց չի քննարկվել»: Հարցին` հնարավո՞ր է քննարկվի նման հարց, պատասխանեց. «Չգիտեմ, եթե քննարկվի` կտեղեկացնենք»:


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգության» անդամները միշտ էլ մասնակցում են նման բողոքի ակցիաներին: «Անցյալ անգամ ՀԾԿՀ-ի մոտ տեղի ունեցած բողոքին   «Ժառանգության»  վարչության անդամն է մասնակցել` իր քրոջ հետ, և հենց մեր վարչությւան անդամի քրոջ ձեռքն էր կոտրվել, երբ ոստիկանները ճնշումներ են գործադրել»,- ասաց նա:


Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ չեն քննարկել նման հարց, թե «Ժառանգության»  պատգամավորներից ու անդամներից ովքեր կլինեն, բայց, հաստատ, մասնակցություն լինելու է:


«Նորմալ եմ նայում այդ բողոքին, պարզապես կարծում եմ, որ նման փոքր ակունքները պետք է վարար գետ դառնան, միանան բոլորն իրար ու իշխանափոխություն իրականացնեն, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի  պաշտպանել սոցիալական իրավունքները, միայն այդ դեպքում հնարավոր կլինի չվճարել ուրիշների կատարած թալանի համար»,- ասաց նա:


Մարտիրոսյանի խոսքով` այսօրվա իշխանությունները մտածում են բացառապես մոնոպոլիստների շահերի մասին: Գերշահույթ ունեցող մոնոպոլիստ ընկերությունը, որը պետք է որևէ խնդիր չունենար, որովհետև, երբ որքան ուզել, բարձրացրել է էլեկտրաէներգիայի գինը, հիմա առանց հիմնավորումների կրկին ցանկանում է բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ներդրումների մասին տվյալները ֆիկտիվ են եղել, և այս ամենի մեջ իշխանության մեղքը կա:


Մեր հարցին` հնարավո՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցի այդ բողոքին, նա պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ինքն է որոշում իր գրաֆիկը»: