կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 14:40
Առանց Կատեգորիա

Փակ աչքերով երազելիս…

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում ենք: Մառլենա Բաբայանի տունն ենք փնտրում: Բագրատաշենում նրան այնքան էլ լավ չեն ճանաչում, համագյուղացիները մեղավոր չեն` տիկին Մառլենան շուրջ 30 տարի հարևան` Դեբեդավան գյուղի մանկապարտեզի տնօրենն է եղել. առավոտյան տնից դուրս էր գալիս, երեկոյան վերադառնում: Մառլենա Բաբայանը Բագրատաշեն է տեղափոխվել Ադրբեջանի Ջալեթ գյուղից:

 

«Ծնվել եմ սովետական Ադրբեջանի Վարդաշենի շրջանի Ջալեթ գյուղում: Մեր գյուղը մեծ մասամբ հայաբնակ էր: Ասում են` ժամանակին Մեսրոպ Մաշտոցը եղել է մեր գյուղում: Գյուղում մի քանի ադրբեջանցիներ կային, բայց զտարյուն ադրբեջանցի չէին: Ունեցել ենք հայկական դպրոց, մանկապարտեզ, բուժկետ: Մեր սովխոզն Ադրբեջանում զբաղվել է ծխախոտագործությամբ և եղել է հարուստ սովխոզ` ցորենի, եգիպտացորենի դաշտերով»,- ասում է տիկին Մառլենան:

 

Նա կրթություն է ստացել Հայաստանում, հետո կրկին վերադարձել Ադրբեջան ու աշխատանքի անցել տեղի մանկապարտեզներից մեկում: Ասում է` ոչ ոք չէր պատկերացնում, որ երիտասարդ կինը կարող է այդքան հեշտ լեզու գտնել երեխաների հետ: Ըստ նրա` սկզբում փոքրերի հետ աշխատանքը այլ կերպ է պատկերացրել, սակայն որոշ ժամանակ անց զգացել է, որ ոչ թե երեխաներն են իր «գերին», այլ ինքը` նրանց:

 

Այնուհետև տիկին Մառլենան ամուսնանում է, ունենում մեկ դուստր: Ասում է` մայրության բերկրանքը չվայելած` դստեր ծնվելուց ամիսներ անց ինչ-որ խոսակցություններ են սկսվում տեղահանության մասին: Հայկական ասացվածքն ասում է` առանց կրակ ծուխ չի լինում. սկսվում են տեղահանությունները: «Վերադարձանք, չնայած ինչ վերադառնալ` բռնագաղթեցինք, չէի ասի` դա վերադառնալ էր: Երբ սկսվեց տարածքային հարցերի քննարկումը, մտածում էինք` կորցնելու բան չունենք, մեկ-երկու օրից ամեն ինչ կհարթվի: Դժվար էր, չէինք հավատում, որ մարդ կարող է ամբողջ իր ունեցվածքը թողնի, գնա: 5-6 ընտանիքին, 10 հոգուն մի մեքենա էին տրամադրում, և առաջին անհրաժեշտ բաները վերցրած` դուրս էինք գալիս գյուղից: Մենք մտածում էինք` կգանք, մի քանի օր հետո ամեն ինչ կկարգավորվի ու նորից հետ կգնանք»,- պատմում է կինը:

Ու քանի որ վստահ էին` օրեր անց հետ են վերադառնալու, Ադրբեջանից Հայաստան են բերում միայն երեխայի օրորոցը, որը պետք է դառնար անցյալի միակ լուռ վկան` ճոճելով տիկին Մառլենայի հուշերը: Բագրատաշենում տիկին Մառլենային բնակարան են հատկացնում, որի նախկին տանտերը թուրք է և նույնպես բռնել էր գաղթի ճամփան:

 

«Հազար օղորմի իրեն, երբ նա առաջին անգամ եկավ մեր տուն, մի քանի օր էր, ինչ տեղափոխվել էինք: Սկզբում առաջարկեցի տունը մեզ վաճառել, չհամաձայնեց, ասաց` չէ, ես գալու եմ: Ոնց որ ես էի մտածում, որ հետ եմ գնալու, այնպես էլ` ինքը: Հետո տեսավ, որ չէ, ոչինչ էլ չի փոխվում, հույսը կտրեց ու համաձայնեց վաճառել այն»,- հիշում է կինը:

 

Նոր միջավայրին ու պայմաններին հարմարվելը հեշտ չի եղել, ավելի ճիշտ` սկզբնական շրջանում պայման չի էլ եղել: Տիկին Մառլենան ասում է` դժվար էր չհամեմատելն ու ամեն ինչ նորից սկսելու մտքին հարմարվելը: Տիկին Մառլենան մի պահ լռում է, անհարմար լռություն է տիրում, աչքերը փակ են` մտքերով դեպի Ջալեթ է գնացել: Ասում է` երբ ցանկանում է «գնալ» դեպի Ջալեթ, բաց աչքերով չի կարողանում մտաբերել իր գյուղը:

 

«Չեմ կարող ասել, որ ամեն ինչ մոռացել եմ… Երբ աղջիկներս անձնագիր էին ստանում, փոքր աղջիկս հրաժարվեց փախստականի անձնագիր ստանալ` պարզաբանելով, թե Հայաստանում է ծնվել: Բայց ես այդպես էլ իմ անձնագիրը չեմ փոխել… Ինձ հարազատներս հարցնում են, թե ինչի՞ ես հասել, որ չես փոխել… Ոչնչի… Ճիշտ է, ունեմ փախստականի կարգավիճակ, բայց երբեք չեմ մտածել Հայաստանից հեռանալու մասին»,- ասում է տիկին Մառլենան:

 

Տիկին Մառլենայի համար հիմա դժվար շրջան է` հարևան Դեբեդավանի մանկապարտեզը, որի տնօրենն է եղել, ինչ տեղափոխվել է Հայաստան, փակվել է. պատճառը ֆինանսական խնդիրներն են: Տիկին Մառլենան զարմանում է, թե այդ ինչպես է, որ 90-ականներին, երբ ողջ երկիրը սոցիալ-տնտեսական ծանր վիճակում էր, կարողանում էին մանկապարտեզ պահել, իսկ հիմա ուղղակի փակում են: «Կարծես 90-ականները լինեն. անընդհատ լսում ենք` այստեղ-այնտեղ մանկապարտեզ են փակում, այսպես ո՞ւր ենք գնալու: Մենք, այո, մի շարք խնդիրներ ունենք, բայց, մյուս կողմից, երբ ենք մենք` հայերս, եղել այնպիսի իրավիճակում, որ հեշտ ու խաղաղ արդյունքի հասնենք. յուրաքանչյուր ասպարեզում էլ ինչ-որ բանի հասնելու համար պայքար է եղել»,- ասում է կինը:

 

Տիկին Մառլենան պայքարի մասին խոսելիս աչքը սահմանին է գցում: Ասում է` երեխաներին մանկապարտեզում երբեք ատելությամբ չի դաստիարակել, բայց և սովորեցրել է` անհրաժեշտության պահին ատամներով էլ սահմանը պահել: «Որպես կին ու մայր` հարգում եմ բոլորի իրավունքները, որպես մարդ` պատրաստ եմ սահմանից այնկողմ գտնվողին անհրաժեշտ պահին օգնության հասնել, բայց, միաժամանակ, պատրաստ եմ նաև իմ սահմանը պահել»,- ասում է նա:

 

Կարինե Հարությունյան