Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունները ճգնաժամային 2009 թվականին ձեռնարկել են որոշակի սոցիալական միջոցառումներ, մասնավորապես` գործազրկության եւ սոցիալական նպաստներով օգնել են որոշ ընտանիքների դիմակայել ճգնաժամի հարվածներին։
Համաշխարհային բանկի The Jobs Crisis: Household and Government Responses to the Great Recession in Eastern Europe and Central Asia զեկույցում նշում է, որ այդ նախաձեռնություններն օգուտ են տվել միայն ընտանիքների չնչին մասի։
Ըստ զեկույցի` Հայաստանում 2009-ին կրճատվել են ընտանիքների 33%-ի եկամուտները, 13%-ի` աշխատավարձերը, 14%-ի` ինքնազբաղվածությունից ստացվող եկամուտները, 19%-ի` մասնավոր փոխանցումների ծավալները։
Ճգնաժամը հանգեցրել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աշխատաշուկայի ուժգին ցնցումների։ Տարածաշրջանի 27 երկրներում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2009-ին 9,4 մլն-ից աճել է մինչեւ 12,2 մլն։ Այսպես` ՌԴ-ում, Թուրքիայում եւ Ուկրաինայում գործազրկության մակարդակն աճել է մոտ 30%-ով։
Աշխատանքի շուկայում ցնցումներն էական ազդեցություն են թողել ցածր եկամուտներով եւ խնայողություններ չունեցող ընտանիքների վրա: Մի շարք ընտանիքներ ստիպված են եղել սահմանափակել ընտանեկան բյուջեն՝ սննդի վրա քիչ ծախսեր անելով, կտրուկ նվազել են նաեւ առողջապահական ծախսերը։ Օրինակ՝ Հայաստանի, Բուլղարիայի, Մոնտենեգրոյի ընտանիքները ավելի քիչ են դիմել բժշկի եւ կրճատել են դեղորայքի ծախսերը:
Անցկացված հարցման համաձայն` Հայաստանի տնային տնտեսությունների 33 %-ը, Լիտվայի եւ Ռումինիայի տնտեսությունների շուրջ 50 %-ը, որոնք թեեւ ուղղակիորեն չեն տուժել ճգնաժամից, ասել են, որ 2009 թ. նվազեցրել են սննդամթերքի սպառումը։
Ճգնաժամային տարում Հայաստանից սեզոնային աշխատանքի մեկնած բազմաթիվ միգրանտներ վերադարձել են ՌԴ-ից, եւ հենց դա է եղել պատճառը, որ ՀԲ փորձագետները հայտարարել են, որ ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատումը բացասաբար է անդրադարձել հայաստանյան բազմաթիվ տնային տնտեսությունների վրա։ Մյուս կողմից` ՀԲ-ն նշում է, որ Սփյուռքը մեծացրել է իր աջակցությունը Հայաստանում բնակվող հարազատներին։
Ըստ զեկույցի՝ ճգնաժամից Հայաստանում տուժել է տնային տնտեսությունների 33 տոկոսը, Բուլղարիայում՝ 28 տոկոսը, Լատվիայում՝ 71 տոկոսը, Մոնտենեգրոյում՝ 22 տոկոսը, Ռումինիայում՝ 18 տոկոսը: