կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-21 16:53
Հասարակություն

Մենք եւ մեր անկախությունը` արտասահմանցիների աչքերով

Մենք եւ մեր անկախությունը` արտասահմանցիների աչքերով

«Եվ սա անկախությո՞ւն եք համարում: Ախր, ձեզ մոտ մարդիկ նույնիսկ մեզ են տարօրինակ նայում, երբ ինչ-որ խենթ արարք ենք անում, ուր մնաց` իրենք անեն»,- ասաց  ազգությամբ հնդիկ 39-ամյա Ահալի Չիդան` հավելելով, որ մենք, մինչեւ 25 տարեկան լրանալը, կախված ենք լինում ծնողներից, հետո` կողակցից, այնուհետեւ` որդիներից եւ թոռներից. «Քչերն են ձեզ մոտ իրենց կյանքը դասավորում այնպես, ինչպես իրենք են ուզում` հաշվի չառնելով դիմացինների կարծիքը»:

 

Անկախության օրը Երեւանի փողոցներում կարելի է տեսնել այլազգիները, որոնցից շատերն իրենց այտերին նկարել են Հայոց եռագույնը:

 

Հուրի Պուեբլան, ով Հայաստան է եկել հանգստանալու, ասաց, որ առավոտյան սովորականի պես դուրս էր եկել զբոսանքի եւ մարդկանց բազմությունից է ենթադրել, որ ինչ-որ տոն է մեզ մոտ: «Անկեղծ ասած` լավ կազմակերպված չէ: Մեզ մոտ` Իտալիայում, նախօրոք տարբեր լեզուներով բոլոր շենքներին պաստառներ են փակցվում, որտեղ էլ տոնական ծրագիրն է լինում: Մյուս կողմից էլ` ուրախ եմ, որ այսքան փոքր Հայաստանն այսքան բաների է արդեն հասել»,- ասաց նա` ավելացնելով, որ ինչպես ինքն է նկատել, հայերը բավականաչափ ազատ եւ անկախ են եւ այնքան էլ չեն տարբերվում եվրոպացիներից` անգամ մտածելակերպով:

 

Իսկ ահա ամերիկահայ Էշթոն Հայրապետյանն իր շուրջն էր հավաքել բազմաթիվ մարդկանց, որոնց քաղաքը մաքուր պահելու «դասեր» էր տալիս. «Այս ինչ է կատարվում ձեզ մոտ, ամենուր աղբ է թափված: Գոնե այսօր մարդիկ խղճան առավոտ կանուխ փողոցը մաքրողներին եւ աղբը նետեն աղբամանները: Գիտեք, ժամանակին այսքան աղբամաններ չկային, եւ կարելի էր ինչ-որ տեղ մարդկանց արդարացնել, իսկ ի՞նչ ասես հիմա»:

 

Նա նշեց, որ ԱՄՆ-ում իրեն ազատ եւ անկախ է համարում, իսկ Հայաստանում` ազատ, բայց ոչ անկախ. «Հայաստանում դեռ վաղ է անկախության մասին խոսել. քանի դեռ մարդիկ հոգեպես ազատ չեն, երկիրն անկախ չի լինի»:

 

Մեր արտասահմանցի հյուրերը բոլորովին այլ կարծիք ունեն երեխաների մասին. «Օ~, ձեզ մոտ երեխաներն, իրոք, մանկություն են ունենում, այլ ոչ թե 10 տարեկանից սկսում սեքսի կամ թմրադեղերի մասին երազել: Երեխաների պես ո'չ Հայաստանը եւ ո'չ էլ մտավորականներն են անկախ ու ազատ»,- ասաց Է. Հայրապետյանը:

 

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ