կարևոր
4186 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-09 10:54
Հասարակություն

44-օրյա պատերազմի ժամանակ ինչ տեսել եմ դիրքերում իմ աչքերով, մեզ պարտության չէր տանում. Ծովինար Բարխուդարյան

Արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը «Արցախի կանայք՝ հայկական հիմնախնդիրների մասին.  աղետի և պայքարի պատմություններ» թեմայով քննարկման ժամանակ անկեղծացավ, որ իրեն հաճախ են մեղադրում, որ սին հույսեր է տվել պատերազմի ժամանակ և այդ մեղադրանքները, ինքը սկզբնական շրջանում շատ ծանր է տարել:

 «Մեղադրում էին, որ պատերազմի ժամանակ ասել եմ՝ հաղթելու ենք, բլոկադայի ժամանակ ասել եմ՝ պայքա՛ր, պայքա՛ր, մինչեւ վերջ: Սկզբնական շրջանում ես այդ մեղադրանքները շատ ծանր էի տանում, բայց հետո հասկացա մի բան՝ սոցիալական հարթակում, ես լսելիք չունեմ, ես ունեմ ասելիք: Ու ես սկսեցի ընդհանրապես չկարդալ այդ մեկնաբանությունները, որ կարողանամ շարունակել իմ պայքարը: Ինչո՞ւ էի պատերազմի ժամանակ ասում՝ հաղթելու ենք: Եվ ես վստահ էի դա ասում, չնայած ձեզնից շատերից ավելի լավ տեսնում էի, որ մեր գործերը լավ չեն: Ինչո՞ւ էի բլոկադայի ժամանակ ասում՝ պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ, որովհետեւ օղակի մեջ գտնվող ժողովրդին ոգևորելու համար, որ կարողանան դիմակայել հետագա դժվարություններին, պետք էր էմոցիոնալ դրական ֆոն, եթե չկար սնունդ, ապա գոնե պետք էր հոգևոր սնունդ, որ այդ մարդիկ կարողանային շարունակել հաց հայթայթել իրենց երեխաների համար: Որովհետեւ ես իմ աչքի առաջ ունեի և՛ իմ անձնական, և՛ իմ մայրիկի օրինակը:

90-ականներին ես ապրում էի շատ ավելի  ծանր պայմաններում, իմ մանկությունն անցել է շրջափակված Ստեփանակերտում, չորս կողմից ռմբակոծվող հրթիռակոծվող Ստեփանակերտում: Երևի եզակի օրեր էին, որ ես կարողանում էի  դրսում խաղալ: Ես իմ մայրիկին չէի տեսնում գիշերները, որովհետև նա հաց էր թխում, որ առավոտյան ընդամենը մեկ   հաց ունենայինք, բայց մենք հաղթեցինք այն ժամանակ: Ու թող ոչ մեկ չասի՝ ուժերի հավասարություն, անհավասարություն: Այն ժամանակ էլ մենք չունեինք ոչ մի բան իրենց ունեցածի դեմ: 44 օրյա պատերազմի ժամանակ ինչ տեսել եմ դիրքերում, ինձ հույս էր տալիս ասել՝ հաղթելու ենք: Ինձ համար շոկ էր նոյեմբերի 7-ը, 8-ը, 9-ը, որովհետև այն, ինչ իմ աչքերով էի տեսնում, մեզ պարտության չէր տանում»,- ասաց Ծովինար Բարխուդարյանը: