Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Haberturk թերթը հրապարակել է Հայոց ցեղասպանությունից փրկված երկու քույրերի և մեկ դար անց նրանց զավակների հանդիպման պատմությունը:
Այլևս երբեք չհանդիպեցին
1915 թվականին, երբ ներխուժել են Բաթմանի գյուղերը, հայ քույրերից Նուրանը 11 տարեկան էր, իսկ Նուրեն՝ 13: Նրանց հայրն ու մայրն սպանվեցին, և հարևանները տեր կանգնեցին քույրերից Նուրեին՝ նրան փախցնելով Սիրիա: Նուրանը երիտասարդ աղջիկների ճամբարում ամուսնացավ մի հովվի հետ՝ դառնալով մուսուլման:
Իսկ Նուրեն Սիրիայում ապրեց որպես հայ՝ պահպանելով իր մշակույթն ու կրոնը: Ամուսնացավ, ունեցավ 6 երեխա: Երկու քույրերն էլ իրենց կյանքն անցկացրեցին միմյանց կարոտով: Ամբողջ կյանքում փորձեցին գտնել միմյանց, բայց մեկ կյանքը չբավականացրեց:
Նրանց երազանքն 100 տարի անց իրականացրեցին նրանց երեխաները: Քույրերի զավակները 2012 թվականին հանդիպեցին Սիրիայում: Տարբեր կրոնական և մշակութային ավանդույթներով մեծացած զարմիկները, գրկախառնվելով, վերջ դրեցին իրենց մայրերի՝ միմյանց հանդեպ կարոտին: Նուրան Էրենի դուստրը՝ Մեդինե Էրենը (45), մոտ մեկ դար անց տեղի ունեցած հանդիպման մասին պատմել է Haberturk-ին:
Մեդինե Էրենը պատմում է, որ մայրն ու մորաքույրն ապրել են Բաթմանի մոտակա գյուղում, և ամեն ինչ լավ է եղել մինչև Առաջին աշխարհամարտի սկսվելը: Սակայն իրավիճակը փոխվել է Օսմանյան կայսրության պարտությունից հետո: Մեդինեն այսպես է պատմում մոր վկայությունները. «Մայրս ասաց՝ «այդ ժամանակ դիմադրեցին մեզ, ասես պատերազմից պարտությամբ դուրս գալը հայերի մեղքն էր»: Տեղահանության ժամանակ մայրս և մորաքույրս դեռ երեխա էին: Մտածում էին լքել գյուղը, քանի դեռ չեն հարձակվել, սակայն մի գիշեր հարձակվել են գյուղի վրա և կոտորել կանանց ու տղամարդկանց: Աղջիկ երեխաներին ոչինչ չեն արել: Մորս ու մյուս աղջիկներին հավաքել են մի տան մեջ: Մայրս շատ ժամանակ անց իմացավ, որ Նուրե մորաքրոջս փախցրել են Սիրիա: Կանանցից մի մասի հետ ամուսնացել են գյուղի տղամարդիկ, իսկ մյուսներին վերցրել են` որպես սպասուհի: Մայրս ամուսնացել է բաթմանցի մի հովվի հետ: Ամուսնությունից մեկ տարի անց ամուսինը մահացել է, որից հետո ստիպված է եղել ամուսնանալ նրա եղբոր, այսինքն՝ հորս հետ:
Մինչ ամուսնությունը` մայրս բռնի մուսուլմանացվել է: Մուսուլման դառնալուց հետո հասկացել է, որ ճիշտ որոշում է կայացրել: Մորաքրոջս մասին խոսելիս աչքերը լցվում էին, արտասվում էր: Մի քանի անգամ հորիցս գաղտնի փորձել է գտնել քրոջը, սակայն գրել չիմանալու պատճառով միայն կարողացել է Սիրիա մեկնող փախստականներից հարցնել: Մայրս երկար ապրեց և մահացավ մի քանի տարի առաջ՝ առանց քրոջը տեսնելու»:
Հանդիպեցին Սիրիայում
Նուրանի ու Նուրեի պատմությունից տեղյակ նրանց հարևանը հաջողեցրել է իրականացրել ընտանիքի հանդիպումը մեկ դար անց: Գնալով Սիրիա և այնտեղ նմանատիպ պատմություն լսելով՝ հարևանը եկել է Թուրքիա և այդ մասին տեղեկացրել Էրենի ընտանիքին: Նուրանի քրոջ՝ Նուրեի ընտանիքի հետքը հայտնաբերվել է Սիրիայում: Մեդինե Էրենն այդ հանդիպումն այսպես է նկարագրում. «Մեր հարևանը մեզ մի նամակ ուղարկեց` ասելով. «Գտել եմ ձեր մորաքրոջ ընտանիքի հասցեն և նրանց փոխանցել ձերը»: Այդ երեկո բոլորս հավաքվեցինք, խոսեցինք: Սիրիայից լուր սպասեցինք: 3 օր անց նամակ ստացանք, բոլորս ապշեցինք: Ես սկսեցի արտասվել: Ասացինք, որ ցանկանում ենք շտապ հանդիպել: Մայրս այդ ժամանակ մահացել էր, սակայն գոնե մենք՝ զարմիկներով, կարող էինք հանդիպել: Զարմիկներս ուզեցին, որ մենք գնանք Սիրիա: Առանց մտածելու՝ ճանապարհ ընկանք»:
Մորաքրոջս որդին ասես մեր եղբոր զույգը լինի
«Մորաքրոջս մեծ որդին՝ Իսահակը, ու մյուս որդին եկել էին մեզ դիմավորելու: Տեսնելով Իսահակին՝ ապշեցինք: Քանի որ Իսահակը, ասես, իմ միջնեկ եղբոր՝ Յուսուֆի զույգը լիներ: Գնացինք նրանց տուն, մեզ դռան առջև դիմավորեցին: Կին, տղամարդ լաց էին լինում: Ուղիղ մեկ դար անց մորս երազանքն իրականացավ: Մտահոգ էի՝ ո՞րն է մորաքույրս: Երբ հարցրեցի՝ ասացին՝ 10 տարի առաջ է մահացել: Չկարողացա պատասխան տալ»:
Նշելով, որ թեև տարբեր կրոնի և մշակույթի ներկայացուցիչներ են, սակայն իրենց միջև շատ մեծ կապ է գոյացել, Մեդինե Էրենն ասում է. «Նրանք էլ մեզ պես բազմամարդ ընտանիք էին: Ճաշեցինք, զրուցեցինք: Մի պահ նկատեցի՝ այնքան ջերմ են վարվում, ասես երկար ժամանակ է` ծանոթ ենք…Մորաքույրս երեխաներին կտակել է` իր շատ փնտրված, սակայն այնպես էլ չգտնված քրոջը գտնել: Ըստ երևույթին՝ նրանք էլ մեզ են շատ փնտրել, սակայն չեն գտել: Ի վերջո, բացվեց կրոնի թեման: Նրանք քրիստոնյա էին, մենք՝ մուսուլման… Հարցրեցին՝ ինչպե՞ս ենք մուսուլման դարձել: Պատմեցինք, որ նախ մորս բռնի մուսուլմանացրել են, որից հետո նա ճանաչել է կրոնն ու այդպես շարունակել կյանքը: Այդ հանդիպումից հետո մեր կապը չկտրվեց, սկսեցինք հաճախ հանդիպել»:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի