Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական «Karınca» թերթի կայքն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «Հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով:
Ըստ Ermenihaber-ի՝ այս շարքի հերթական հոդվածը նվիրված է նկարիչ, ռեժիսոր, գրող և երգիծաբան Վահե Բերբերյանին: Հոդվածի հեղինակը Վիլյամ Բայրամյանն է, թուրքերեն թարգմանել է Էզգի Գյուլը:
Շատերի կողմից առավելապես stand-up երգիծական ժանրի շոուներով հայտնի 61-ամյա Վահե Բերբերյանն իր պատմությունները ներկայացնում է նաև ֆիլմերում, թղթի, կտավի ու բեմի վրա:
«Նրա ժպիտը շատ անկեղծ է: Խոսքը հաճախակի ընդմիջվում է հայերեն «հոգիս» ջերմ բառով, բայց, ցավոք, այդ շռայլ հմայքը հակադրվում է ընտանիքի դժբախտ անցյալին»,- գրում է Բայրամյանը՝ ներկայացնելով Վահեի ընտանիքի պատմությունը:
Վահեի հայրը՝ Րաֆֆին, դեռ մեկ տարեկան էր, երբ նրա տատիկի հետ աքսորվեց Սիրիայի Դեյրէ-էզ-Զորի (Դեր Զոր) անապատները՝ մահվան քայլերթի: Բեյրութ տեղափոխվելուց առաջ նրանք՝ երկուսով, բնակություն են հաստատել Վահեի ծննդավայր Հալեպում: Իսկ մոր ողջ ընտանիքը սպանվել է Ցեղասպանության ժամանակ:
Բերբերյանների ընտանիքը, ի տարբերություն Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ այլ ընտանիքների, չի թաքցրել սերունդներից իր գլխով անցածը: Վահեի տատիկը մահվան երթի ուղարկվելուց հետո երեք անգամ փորձել է սպանել նրա հորը, սակայն Եփրատն այնքան լիքն է եղել դիերով, որ նրան ուղղակի չի հաջողվել խեղդել երեխային:
«Ինձ պատմել ու ասել են՝ ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Եթե չհիշես, մեզ դավաճանած կլինես: Դրանից հետո շատ երկար ժամանակ ես ինձ մեղավոր էի զգում, թեև ոչ մի այնպիսի բան չէի արել, որի համար պետք է ինձ մեղավոր զգայի»,- պատմում է Բերբերյանը:
Նրա խոսքով՝ երգիծաբանությամբ զբաղվելու անհրաժեշտությունը ծագել է հենց այն պատճառով, որ կրում հավաքական ցավի հետևանքները, հաճախ ընկճված ու մտահոգ է լինում: «Եթե երջանիկ լինեի, էլ ինչո՞ւ պիտի հումորի կարիք զգայի», - հավելում է Վահեն:
17 տարեկանում Վահե Բերբերյանը լքում է Բեյրութը և մեկնում Եվրոպա: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Լիբանան: Այստեղ ծագած քաղաքացիական պատերազմի առաջին տարիներին ականատես եղած Բերբերյանը այնուհետև տեղափոխվում է Լոս Անջելես: Սակայն այստեղ էլ ապահովության զգացումը երկար չի ուղեկցում նրան կարճ ժամանակ անց բացահայտված հիվանդության պատճառով:
«Հիշում եմ, որ երեխա ժամանակ էլ էի նկարում, բայց այն ժամանակ հիմնականում գանգեր էի պատկերում՝ Դեր Զորում մահացածների գանգերը»,- պատմում է արվեստագետը:
Վահեի խոսքով՝ մինչև 1980թ. նրա ցանկացած գործունեության մեջ գրեթե միշտ առկա է յուրատեսակ հետաքրքրվածություն մահով: Հետո նա գիտակցում է այդ գրեթե բնազդային հակումը և հասկանում, որ թեև Ցեղասպանությունն իր կյանքում որոշակի դեր է խաղացել, բայց դա չի նշանակում, որ ինքը կուրորեն պետք է կապված լինի Ցեղասպանության հետ, չուսումնասիրի հայ մշակույթի արմատները:
«Մտքումս մի լույս ծագեց` պետք է փոխել այս մոտեցումը: Հայ լինելը անպայման չի նշանակում կենաց պայքար մղել: Հայ լինելը սեքսուալ է, հայ լինելը հրաշալի է, հայ լինելը զվարճալի է, հայ լինելը հաճելի է»,- ասում է Բերբերյանը:
Այսպես հայ մշակույթը սկսում է նաև ապրեցնել ու առաջ գնալու ուժ տալ Բերբերյանին: Սակայն նա գիտակցում է, թե, այնուամենայնիվ, որքան դժվար է, անցյալի բեռն ուսած, առաջ շարժվելը. «1.5 միլիոն կյանք նստած է մեր ուսերին, և մենք փորձում ենք առաջ գնալ: Դա , իհարկե, շատ դժվար է»:
Վահեն 5 գրքի, 13 պիեսի, 5 երգիծական ստեղծագործության և արվեստի հարյուրավոր գործերի հեղինակ է:
«Հայ լինելն ինձ համար միշտ պարգև է եղել: Առանց բացառության` միշտ հայ լինելուս հանգամանքն ինձ օգնել է»,- ասում է նա:
Վահե Բերբերյանը հավատում է, որ հայ ազգի լավագույն օրերը դեռ առջևում են: Նա կարևորում է այն հանգամանքը, որ հայը հասկացել է` արվեստով զբաղվելու, ֆիլմ նկարահանելու համար անպայման չէ դիմել ցեղասպանության թեմային:
Իսկ Վիլյամ Բայրամյանն իր հոդվածը եզրափակում է հետևյալ տողերով. «Բերբերյանը շարունակում է մեկ անձով մշակութային հեղափոխություն իրականացնել՝ ընդարձակ հայկական հողի ընդերքում թաքնված գեղեցկություններն ու արվեստը վեր հանելու և դրա շուրջ շուրջպար բռնելու համար»: