կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-17 18:31
Հասարակություն

Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո. Financial Times-ի խմբագրի հոդվածը` հայրենիք այցի մասին

Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո. Financial Times-ի խմբագրի հոդվածը` հայրենիք այցի մասին

Ինչպես գրում է «Արմենպրես»-ը, հեղինակավոր Financial Times պարբերականի խմբագիր Լիլա Ռապտոպուլոսը, ով ազգությամբ հայ է, ստվարածավալ հոդված է հրապարակել իր արմատների, պատմական հայրենիք կատարած զգացմունքային ճանապարհորդոության մասին, որը նա երկար տարիներ հետաձգել էր: Հեղինակը հոդվածը վերնագրել է. «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո»:

Ռապտոպուլոսը հոդվածում նշում է, որ Հայաստան այցելելու միտքը միշտ է ունեցել, սակայն շարունակ հետաձգել է այցը: «Դա մեզ համար ասես այցելություն լիներ դեպի լուսին: Սակայն մյուսներն արդեն եղել էին այնտեղ: Ուստի ես էլ թռիչքի տոմսեր պատվիրեցի ինձ և ծնողներիս համար»,- պատմում է նա:

Հեղինակը գրում է, որ Հայաստանում գտնվելու առաջին օրերին իրենք չէին կարողանում հավատալ, որ ի վերջո իրենց հայրենիքում են: «Երևանը նման է փոքր, հարավային եվրոպական մի քաղաքի՝ բացօթյա սրճարաններով, գինու բարերով, յուրահատուկ թանգարաններով և սիմետրիկ կենտրոնական հրապարակով: Ձնապատ Արարատ լեռը, որտեղ ըստ Աստվածաշնչի կանգ էր առել Նոյի տապանը, մշտապես քո տեսադաշտում է»,- գրում է Լիլա Ռապտոպուլոսը: Նա պատմում է, որ Հայաստանում մայրը վերհիշել է հայերեն արտահայտություններ, որոնք ժամանակին նրան սովորեցրել էր իր մայրը:

Հայաստանում գտնվելու օրերին նրանք եղել են երկրի բոլոր տեսարժան վայրերում՝ հիանալով հայկական բնապատկերներով:

«Մորս հայրը՝ Մանուել Բոզբեքյանը, 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերապրած է: Հայոց ցեղասպանությունն իրականացվել էր Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ Թալեաթ փաշայի և ազգայնական երիտթուրքերի կուսակցության կողմից: Ես Բոզբեքյանների պատմությունը հաճախ եմ պատմում: Թվում է՝ դա պատմությունը ողջ պահելու միակ ճանապարհն է»,- գրում է հեղինակը: Ինչպես շատ հայեր, այնպես էլ նրա նախնիները մահվան երթի են տարվում սիրիական անապատներում, սակայն այն քիչ երջանիկներից են լինում, ովքեր կարողանում են փրկվել:

«Ցեղասպանությունը դեռ կենդանի հարց է: Թուրքիան շարունակում է ժխտել այն, և շնորհիվ լոբբիստական գործունեության ու ռազմավարական գործընկերների վրա գործադրվող ճնշումների՝ այն դեռևս չեն ճանաչել Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Իսրայելը և բոլոր մյուս երկրները՝ բացառությամբ 29-ի»,- գրում է Ռապտոպուլոսը:

Հեղինակը վստահ է՝ Հայաստանում ժողովուրդը լի է լավատեսությամբ: Բացի այդ, նա նշում է, որ երկիրն ունի աշխարհում հանցագործությունների ամենացածր մակարդակը:

«Մայիսի հեղափոխությունն այս երկրում իրականացվեց Facebook, Twitter սոցիալական ցանցերի միջոցով, մի սերնդի կողմից, որը չէր հիշում խորհրդային վարչակարգը, ունի բարձր կրթություն»,- նշում է նա: Ռապտոպուլոսը գրում է, որ Հայաստանում դեկտեմբերին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ակնկալվում է, որ լինելու են ազատ և արդար:

«Մեր վերջին օրը Հայաստանում նշեցինք մորս ծննդյան 69 ամյակը: Դա Երևանում մեր վերջին ընթրիքն էր. քյուֆթա, դոլմա, թուրշի, մանթի: Հայրս դիմեց մորս՝ հարցնելով. «Դեբի, դու զգո՞ւմ ես, որ սա քո երկիրն է»: Մի քանի վայրկյան մտածելուց հետո նա պատասխանեց. «Ես զգում եմ, որ ունեմ մշակույթ, և այդ մշակույթն ունի երկիր»,- եզրափակել է հոդվածը Լիլա Ռապտոպուլոսը: