կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-07-02 11:30
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի վերաբերյալ աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի վերաբերյալ աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել

Աղբյուրը՝ Amerikayidzayn-ի

Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի բացառիկ տեսանյութեր, որոնց վրա պատկերված է, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները տեղափոխվում, այնուհետեւ՝ նավակներով հեռանում Թուրքիայից:

Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ Ցեղասպանության տարիներին փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով` Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը Ցեղասպանության վերաբերյալ առաջին հայտնի տեսագրություններն են:

Տեսանյութերը վերականգնվել են մասնագետների կողմից եւ հինգշաբթի ցուցադրվելու են Իտալիայում այս օրերին անցկացվող Il cinema ritrovato (Վերականգնված կինո) Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի ժամանակ՝ «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» ընդհանուր խորագրով: Փառատոնի պատասխանատու Մերիան Լվինսքին, որի օգնությամբ բացահայտվել են այդ բացառիկ տեսանյութերը, պատմում է, որ տեսանյութերը նկարահանվել են 1923 թվականին Թուրքիայի տարածքում:

«Ես նկատեցի, որ տեսագրությունների վրա Ստամբուլի հայտնի վայրերն են պատկերված: Դա Ստամբուլն է, եւ այնտեղ պատկերված է մանկատունը, որում պատերազմից հետո բրիտանացիները հայ որբ երեխաներին էին խնամում` մինչ Ստամբուլից նրանց տեղափոխելը»,- ասել է նա:

Լվինսքին պատմել է, որ տեսանյութերի բացահայտումն ուղղակի հրաշք էր: Մինչ Կոնգրեսի գրադարանում հայտնվելը, դրանք պահվել են Օրեգոնի պատմական հասարակության պահոցում: Դրանց հեղինակը դեռեւս անհայտ է:

«Այս տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրքի մատուցում է, մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություն: Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում Ստամբուլի կինոյի փառատոնի կազմակերպիչների հետ: Նրանք արտառոց մարդիկ են, եւ հնարավոր է՝ այդ տեսանյութերը ցուցադրենք նաեւ Ստամբուլում»,- ասել է Մերիան Լվինսքին:

Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են նաեւ Համո Բեկնազարյանի «Նամուսը», Փարաջանովի «Սայաթ Նովան» եւ Մալյանի «Նահապետը», սակայն, կազմակերպիչների խոսքով, փառատոնի զմրուխտը «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» նորահայտ բացառիկ տեսանյութն է լինելու: