կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-07 13:06
Իրավական

Պետք չի նայել տղամարդավարի խոսքին. ՀՀԿ-ական պատգամավոր

Պետք չի նայել տղամարդավարի խոսքին. ՀՀԿ-ական պատգամավոր

Հայտնի է, որ Պերմյակովի գործի ընթացքի վերաբերյալ ՌԴ դատախազությունը պատասխան նամակ է ուղարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գրավոր հարցմանը: Ըստ այդմ` ՌԴ-ն չի կարող հանձնել Պերմյակովին հայկական կողմին, քանի որ նա ՌԴ քաղաքացի է:


Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք նվաստացուցիչ չէ ՀՀ գլխավոր դատախազության համար, որ ՀՀ գլխավոր դատախազին մինչ այժմ ՌԴ դատախազությունը պատասխան նամակ չի ուղարկվել, իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին արագ պատասխանել է, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը պատասխանեց.  «Ես` որպես իրավաբան և մշտական հանձնաժողովի նախագահ, կհորդորեի հարցը մի փոքր այլ հարթության մեջ նայել: Եղել է նամակ, այնուհետև` պատասխան, բայց ամբողջ գործը գտնվում է քննչական մարմինների իրավասության ներքո: Այս պահի դրությամբ գնում է նախաքննություն, իրականացվում են տարբեր միջոցառումներ, և ցանկացած ուղիղ հարցադրում կարող է լինել անպատասխան: Հետևաբար, ես անձամբ զերծ եմ մնում այդ խնդիրը քննարկելուց, և եթե ես ուզենամ որևէ հարց ճշտել, որը նախաքննության գաղտնիք չի պարունակում, ապա նամակով կդիմեմ կա'մ մեր քննչական կոմիտեին, կա'մ ՌԴ համապատասխան մարմնին»:


Հարցին` արդյո՞ք Գյումրիում կատարված ոճրագործության բացահայտման ընթացքը չափազանց դանդաղ չի ընթանում, որովհետև հասարակությունը որևէ հարցի պատասխան մինչ այժմ դեռ չունի, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Սա իրավաբանություն է, սա նախաքննություն է, պետք է հասկանանք, թե ինչ արագությամբ են շարժվում մեր քննչական մարմինները, պետք է հասկանանք` կա՞ խնդիր, թե՞ չկա, կարողանո՞ւմ են, արդյոք, նրանք իրականացնել նախաքննության բոլոր գործառույթները, թե՞ ոչ»:


Մեր ճշտող հարցին` ի վերջո, ունի՞ այդ հարցերի պատասխանը, պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ, բայց հավատում եմ մեր համապատասխան մարմիններին, քննչական կոմիտեի նախագահին»:


Իսկ հավատո՞ւմ Գևորգ Կոստանյանի «տղամարդավարի խոսքին»: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Հարցը կոռեկտ չէ: Իհարկե, ինքը խոսք է տվել, ինքը գրել է նամակ ՌԴ դատախազությանը: Էստեղ պետք չի նայել տղամարդավարի խոսքին, մենք արհեստականորեն հարցի էությունը մի հարթակից տեղափոխում ենք այլ հարթակ»: