կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-24 16:37
Քաղաքական

«Իշխանությանը ծեծել եք, սաղ աշխարհը նայել ա»․ ուշագրավ մանրամասներ ՔՊ-ական նախարարի եւ Վ․ Գրիգորյանի գաղտնի հանդիպումից

«Իշխանությանը ծեծել եք, սաղ աշխարհը նայել ա»․ ուշագրավ մանրամասներ ՔՊ-ական նախարարի եւ Վ․ Գրիգորյանի գաղտնի հանդիպումից

«Ծեծված նիկոլականներն ու ժողովրդից ակնկալվող արդարությունը»․ ընթերցողին տարակուսանքի մեջ գցող այս ձեւակերպումը ծաղրանք չէ, այլ «գռեհիկ» իրողություն։ Իշխող վարչախմբի ձեռամբ Փարաքարում ստեղծված ՏԻՄ հետընտրական ֆարսն աբսուրդի է հասնում։

Yerkir.am-ին հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փարաքարցի նախարար Նարեկ Մկրտչյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի հանդիպումից։

Արդեն հայտնել էինք, որ հունվարի 9-ին ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի ու Վահագն Ալեքսանյանի ժամանելուց հետո վերջապես կայացավ Փարաքարի ավագանու նիստը, որն ավարտվեց ի շահ իշխող վարչախմբի: Հիշեցնենք, որ այդ օրը Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ամենաշատ մանդատ ստացած ուժը՝ «Ապրելու երկիրը» (10 մանդատ), նիստում վայր դրեց մանդատները ու հեռացավ, քանի որ նիստն ընթանում էր օրենքի խախտումներով, ավելին՝ ողջ ընթացքում տեղից միջամտում էր ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ մերթ ընդ մերթ ցուցումներ տալով նիստը վարողին:

Պարզվում է՝ նիստին նախորդած օրը՝ կեսգիշերին, «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին իր մոտ է կանչում փարաքարցի նախարարը։ Դա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Վոլոդյա Գրիգորյանը՝ մանրամասներ հայտնելով այդ հանդիպումից։

«Ավագանու նիստից մեկ օր առաջ գիշերը հանդիպել եմ Նարեկ Մկրտչյանի հետ, քանի որ Փարաքարից է, ու ինքն է որոշել, թե ով պետք է Փարաքարի ընտրություններին մասնակցի եւ առաջին համարը լինի: Շատերից եմ իմացել, որ այս գործընթացներն իր կուռացիայի տակ է, ու ինքը պիտի որոշի, թե ով է լինելու համայնքի ղեկավար: Հանդիպման ժամանակ Նարեկ Մկրտչյանին ասացի՝ եթե ուզում եք ամեն ինչ խաղաղ լինի՝ ի շահ ժողովրդի, որպես շատ ձայներ հավաքած ուժ՝ առաջին երկու տարին ես կառավարեմ։ Նախարարն էլ ասաց՝ դուք եկել եք, իշխանությանը ծեծել եք, սաղ աշխարհը նայել ա, հիմա չի լինի, որ առաջինը լինես»,- պատմեց Գրիգորյանը:

Նույն պատճառաբանությունն ու նախապայմանը մեկ մարդու նման ներկայացրել են ավագանու ՔՊ-ական անդամները։

«ՔՊ-ականներն ասում էին, թե՝ բա եկեք համերաշխություն ստեղծենք, համայնքի կառավարման 5 տարիները բաժանենք երկու մասի՝ առաջին երկու տարին ղեկավարի ՔՊ-ի թեկնածուն՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը, երկրորդ երկու տարին ղեկավարեմ ես՝ Վոլոդյա Գրիգորյանս, մեկ տարին էլ ղեկավարի Դավիթ Մինասյանը: Ես ասացի՝ եթե համաձայնեմ այս պայմանին, ճիշտ կլինի՝ որպես ամենաշատ ձայներ հավաքած ուժ՝ ես առաջին երկու տարին ղեկավարեմ: Ասացին՝ բա չէ, տենց չի լինի, ձեր համակիրները վեճ սարքեցին, ստացվում է՝ դուք եկաք, իշխանությանը ծեծեցիք, համաձայնեցինք: Ասում եմ՝ սա ի՞նչ փողոցային խոսակցություն է, իշխանությանը հենց այդ ժողովուրդն է ձայն տվել ժամանակին: Այս բանակցությունները անվերջ տեւեցին, երկար-բարակ խոսեցին, օրեր քաշեց, մինչեւ որոշեցին՝ ավագանու նիստ անել եւ ղեկավար ընտրել»,-պատմեց Գրիգորյանը՝ շեշտելով՝ եթե մանդատները վայր չդնեին՝ մարդասպանություն կլիներ։

«Մարդասպանություն կլիներ ու շարունակական: Ես ուղղակի փորձեցի իմ աջակիցներին հանդարտեցնել, խնդրել՝ ոչինչ չանել: Ասել եմ՝ ամեն ինչ լավ է լինելու, սպասեք։ Մենք արդեն դիմել ենք կառավարություն՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով եւ հիմա սպասում ենք ՏԿԵ նախարարության պատասխանին: Նախարարությունից մեզ մի անգամ արդեն «լղոզված» պատասխան են տվել, այն դատարանում ենք վիճարկելու: Պատասխանել էին մոտավորապես սենց՝ «հա, մենք էլ գիտենք՝ ճիշտը որն ա, բայց գնացեք, տվեք դատարան»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ վաղը հանդիպելու են ՏԿԵ նախարարության իրավաբանի հետ։

Հիշեցնենք, որ  «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը։ Քանի որ կառավարություն այս ընթացքում անգործության է մատնվել,  «Ապրելու երկիր» խմբակցությունը որոշել է դիմել դատարան՝ կառավարության անգործության հիմքով եւ կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։

Yerkir.am-ի հետ զրույցում  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ասաց, որ Դավիթ Մինասյանը համայնքապետ է ընտրվել օրենքի կոպտագույն խախտումներով։

Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստը տեղի է ունեցել 2021թ․ դեկտեմբերի 20-ին, իսկ համայնքի ղեկավար է «ընտրվել» հունվարի 9-ի նիստում՝ 21-րդ օրը՝ օրենքի կոպիտ խախտումներով։

«Բացի դրանից՝ բազմաթիվ այլ խախտումներ էլ ենք արձանագրել, որոնց մասին արդեն արձանագրություններ ենք կազմել։ Հենց նիստերի ընթացքում ենք բարձրաձայնել՝ կոչ անելով օրենքի սահմաններում շարունակել աշխատանք, սակայն ապարդյուն։  Մեզ համար խնդիրը ոչ թե ամեն գնով համայնքի ղեկավար դառնալն է, այլ հանրության քվեներին տեր կանգնելը․ ժողովուրդը մեզ տվել է երկու անգամ ավելի ձայն, քան ՔՊ-ին, ընդ որում՝ միայն 3 գյուղում 80 տոկոս ձայն ենք հավաքել: ՏԻՄ-երի մասին օրենքի համաձայն՝ ավագանու առաջին նիստից հետո՝ 14-օրյա ժամկետում, եթե համայնքի ղեկավար չի ընտրվում, տեղի են ունենում նոր ընտրություններ»,- մանրամասնեց Առաքելյանը:

Շեշտեց՝ իրենք իրավունքի ուժով են շարժվելու, բայց միաժամանակ ցավով արձանագրեց դատական համակարգի օբյեկտիվության բացը։

«Մենք իրավական ճանապարհով ենք գնալու, բայց ցավով պիտի արձանագրեմ, որ դատական համակարգի նկատմամբ վստահություն չունենք։ Ընդ որում՝ մի փաստ արձանագրենք, նախորդ դատական հայցը, երբ ՔՊ-ն էր դիմել դատարան, շատ պատահականորեն բոլոր հինգ դատավորները ինքնաբացարկ հայտնեցին, եւ նշանակվեցին այն հինգ դատավորները, որոնք այս օրերին քննում են բոլոր ընտրական վեճերը՝ հօգուտ իշխանության»,- ասաց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար խոշորացված համայնքում հավաքել է 4637 քվե, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը՝ 2227, իսկ ՔՊ-ն՝ 2609։

Լիանա Սարգսյան