Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված հարկային նոր օրենսգրքի մասին, ասաց՝ թեև նոր օրենսգրքի պահանջը միանշանակ կար, սակայն չի կարելի աչք փակել նրա վրա, թե ինչպիսի տեսքով է այն եկել խորհրդարան: Ախոյանը նշեց, որ պատգամավորները, գործարարները հսկայածավալ օրենսգիրքը մանրադիտակով կարդացել են, վեր են հանել մտահոգող հարցերը և աշխատանքի բաժանում են արել: Օրինակ՝ ինքը՝ Ախոյանը, մասնակցություն է ունեցել միայն շինարարական ոլորտին առնչվող հարցերի կարգավորմանը: Ըստ նրա՝ ներկայացված տարբերակը բավականին թերի է: Ախոյանը դրական համարեց այն, որ, ի վերջո, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերանայվի, վերահղկվի նախագիծը և երկրորդ ընթերցման ժամանակ անթերի ներկայացվի:
Հարցին, թե, ըստ նրա, ի՞նչ խնդիր էր լուծում կառավարությունը, ներկայացնելով այդ տեսքով նախագիծ, պատգամավորը պատասխանեց. «Ինձ թվում է՝ այստեղ մի բան է տեղի ունեցել` հարկային օրենսգիրք գրողները նայել են միայն պետական շահերին, այսինքն՝ հարցին նայել են միայն նկարի տեսքով, մինչդեռ պետք է նայեին քանդակի տեսքով, հարցը տարբեր տեղերից ուսումնասիրեին, և այդ հարցում կարող ենք օգնել մենք՝ ոլորտին տիրապետելով»:
Ախոյանն ասաց նաև, որ, հուշելով, միասին քննարկելով, հնարավոր կլինի ստանալ իդեալական հարկային օրենսգիրք: «Ես դա բնական գործընթաց եմ համարում: Այո, համարձակ ենք ասում, չկա մեկը, որ իր դժգոհությունը չարտահայտի, չկա մեկը, որ համարձակ չլինի իր դիրքորոշման մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե այս տեսքով ընդունվի օրենսգիրքը, ապա կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի ավելացման: