Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է փոխվելու ՀՀ քաղաքացիների կյանքը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ո՞ր ապրանքներն են թանկանալու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, արդյո՞ք հայկական ընկերությունները մրցունակ կարող են լինել նոր ինտեգրացիոն կառույցում, պատասխանեց, որ սխալ պատկերացում կա, թե հայկական ընկերությունները մրցունակ չեն: «Եթե մի երկրի ընկերությունները մրցունակ չլինեն, ոչ մի արտասահմանյան ընկերություն չի ձգտի այդ երկրում ներդրումներ կատարել»,- ասաց նախարարը:
«Գների ու փոխարժեքի վերաբերյալ դատողություններ անելը բավական անշնորհակալ գործ է: Եղանակը նույնիսկ ավելի կանխատեսելի է, քան գներն ու փոխարժեքի տատանումները: Այն ապրանքները, որոնք բացառության տակ են, ազդեցությունների չեն ենթարկվի, բայց եթե բացառություններից դուրս ապրանքներ լինեն, որոնց գները աշխարհում թանկանան, ապա ճիշտ չէ դա վերագրել ԵՏՄ-ին անդամակցությանը: Ցանկացած ապրանքի հետ կապված գնային փոփոխության հարցը պետք է առանձին վերլուծության ենթարկվի, որ կարողանանք ճիշտ կանխատեսում և եզրակացություններ անել: Այսօր դրա մասին խոսել չի կարելի»,- ասաց նախարարը` շեշտելով, որ Հայաստանը հնարավորինս ազատ շուկա է ապահովում, որը հնարավորինս կզսպի գների թանկացումը:
Լրագրողները նշեցին, որ Կարեն Ճշմարիտյանի ամփոփիչ զեկույցից տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանում ամեն ինչ լավ է ու հարթ: Նախարարը չհամաձայնեց` ասելով, որ Հայաստանում կան շատ խնդիրներ ու խոչընդոտներ:
Հարցին, թե որքա՞ն տեղական ընկերություններ են փակվել, նա նշեց, որ չի կարող դեռևս դրան պատասխանել, քանի որ ռեգիստրի տվյալները դեռևս պատրաստ չեն, դրանք կհրապարակվեն ավելի ուշ: «Միգուցե փակվել են, միգուցե բացվել են, տարվա վերջին կունենանք այդ տվյալները»,- ասաց Ճշմարիտյանը:
Նախարարի խոսքով` ձեռնարկությունների փակվելը կարող է տեղի ունենալ տարբեր գործոնների պատճառով` չեն կարողանում իրենց բիզնեսը ճիշտ կառավարել, իրենց բիզնեսի վրա ազդում են շուկայի փոփոխությունները, զուտ գյուղատնտեսական ոլորտի հետ կապված լինելով` բերքի սակավության պատճառով, մրցակցության ոլորտում չարաշահումների պատճառով և այլն: «Ազդեցության գործոնների գամման շատ տարբեր կարող է լինել»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ էր Հայաստանի նախագահը ԵՏՄ անդամ պետությունների հետ հանդիպման ժամանակ միայն շնորհակալություն հայտնում, և չասվեց ուրիշ ոչինչ ելույթում, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Նման հարցադրումները չեն բխում Հայաստանի շահերից, ձեռնպահ պետք է մնալ նման հարցադրումներից»: