Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է տնտեսական մի քանի հուզող հարցերի: Մասնավորապես լրագրողները հետաքրքրվեցին ռուսական գազի գնի իջեցման հավանականությամբ: Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել էր Ռուսաստանի իր գործընկերոջը՝ գազի գնի նվազեցման խնդրանքով: Ճշմարիտյանը տեղեկացրեց. «Էներգակիրների գինը տնտեսության համար կարևոր նշանակություն ունի: Մեր տնտեսվարողների կողմից, մանավանդ նրանց, ովքեր գազ սպառող են, այդ հնարավորությունը չօգտագործելը կամ չփորձելը սխալ կլինի»,- ասաց նախարարը` հավելելով, որ կան նախադրյալներ, որ գազի գինը կէժանանա, հակառակ դեպքում իրենք չէին դիմի Ռուսաստանին:
Հարցին, եթե մերժում ստանան, հնարավո՞ր է Հայաստանը հրաժարվի ռուսական գազից և սկսի համագործակցել Իրանի հետ, նախարարը պատասխանեց, որ դրանք բանակցությունների թեմաներ են: «Երկուսն էլ մեր գործընկեր երկրներն են, մանավանդ գիտեք, որ Իրանից վրայից հիմա հանվում են որոշ պատժամիջոցներ և Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար»,- ասաց Ճշմարիտյանը: Նախարարն անդրադարձավ արտաքին քաղաքական ու տնտեսական բացասական գործոններին, որոնք ազդեցին Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա:
«Արտաքին ազդեցությունները սկսվեցին դեռևս 2014 թվականին և հավատացեք, այդ ազդեցությունների պայմաններում, եթե համեմատում ենք այլ երկրների հետ, մենք ավելի բարվոք վիճակում ենք, քան մնացածը: Դա հաջողվեց կառավարությունում համակարգված աշխատանքի շնորհիվ: Այն միջոցառումները, որոնք նախատեսված էին 2015-ին, տվեցին իրենց արդյունքները: Բայց կային գործոններ, որոնք մեր տիրույթից դուրս էին: Դա, մասնավորապես, վերաբերվում է մետաղների գներին, ռուսական ռուբլու վայրիվերումներին, որոնք դեռ շարունակվում են: Այն արտահանման վրա լուրջ ազդեցություն է ունենում»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը: Նա չհերքեց, որ կառավարության կողմից ստեղծված արտահանման խորհուրդը նպատակ ունի ԵՏՄ-ից բացի այլ շուկաներ որոնել. «Մեկ գործընկերոջ, մեկ շուկայի հետ գործ ունենալը միշտ էլ վտանգավոր է, դա կլինի Ռուսաստանը, թե Եվրոպայի շուկան»,- եզրափակեց Ճշմարիտյանը: