Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի կարծիքով` նոր` միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության ստեղծմամբ էկոնոմիկայի նախարարության գործառույթները չեն սահմանափակվում:
Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարության գործառույթների մեջ շարունակում են մնալ արդյունաբերական և տարիֆային քաղաքականությունը, մաքսատուրքերի տեխնիկական կանոնակարգումը և շատ այլ գործառույթներ:
«Վեց աշխատանքային խումբ, այնուամենայնիվ, մնալու է, բոլոր այդ աշխատանքները տանելու է էկոնոմիկայի նախարարությունը»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Yerkir.am-ի հարցին` էկոնոմիկայի նախարարությունը չէ՞ր կարող իրականացնել ինտեգրման և համագործակցության քաղաքականությունը, որ նոր նախարարության անհրաժեշտություն է ստեղծվել, նախարարը պատասխանեց, որ դա ահռելի ոլորտ է` հսկայական ծավալով, բազմաոլորտ ճյուղերով, որտեղ կա նաև ամփոփելու խնդիր, և միայն էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խմբերը չէին կարող այդքանն իրականացնել:
Հարցին, թե ինքը չի՞ ցանկացել զբաղվել այդ ծավալի աշխատանքներով, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. «Ցանկանալ-չցանկանալու հարց չկա, կառավարությունն է այդպես որոշել: Եվ, առհասարակ, պետական կառավարման համակարգում աշխատելիս ուզենալու և չուզենալու փաստարկը զգայական է, և գործառույթների հետ առնչություն չունի»:
Մեր հարցին` արդյո՞ք այդ զգայական ոլորտից է այն, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն իրենց անկայուն են զգում` կրճատումների կամ էկոնոմիկայի նախարարության` այլ նախարարության հետ միավորման շշուկների հետ կապված, Ճշմարիտյանը պատասխանեց. «Չէ, տենց բան չկա, չի էլ կարող լինել: Զուտ հաստիքներով եթե հաշվարկնենք, միայն հինգ-վեց տոկոսն է կազմում, որ անցնելու է նոր նախարարության գործառույթներին: Այն, որ ասում են գործառույթների 40-50 կամ 70 տոկոսն է, դա այդպես չէ: Դեռ հիմա էլ զբաղվելու ենք քաղավիացիայի տնտեսական կարգավորման խնդիրներով, այնպես որ` այնքան ոլորտներ կան»:
Նախարարը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը մեծ մասամբ զբաղվելու է տնտեսական քաղաքականությամբ, իսկ հարցին ի պատասխան, թե, եվրասիականից բացի, էլ ի՞նչ ինտեգրացիոն գործընթացներով է զբաղվելու նոր նախարարությունը, Կարեն Ճշմարիտյանը հորդորեց սպասել, մինչև հաստատվի նոր նախարարության կանոնադրությունը: