կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-07 16:57
Հասարակություն

Ռուսաստանը դեպի Հայաստան ուղիղ ճանապարհ է որոնում. Лента.ру-ի ուշագրավ հոդվածը

Ռուսաստանը դեպի Հայաստան ուղիղ ճանապարհ է որոնում. Лента.ру-ի ուշագրավ հոդվածը

Նոյեմբերի 3-ին աբխազական կողմը ՌԴ Պետդումա է ներկայացրել ՌԴ-ի և Աբխազիայի միջև «Դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության» մասին պայմանագրի աշխատանքային տարբերակը: Սպասվում է, որ այն կստորագրվի 2014-ի վերջին:  Ленты.ру-ի տվյալներով՝ նմանատիպ պայմանագիր նախապատրաստվում է  նաև ՌԴ-ի ու Հարավային Օսիայի միջեւ: Համաձայնությունների արդյունքը այդ պետությունների փաստացի մուտքն է Ռուսաստանի և ԵՏՄ-ի ընդհանուր իրավական, ռազմական, մաքսային տարածությունը: Այսպիսով՝ Ռուսաստանը կարող է լուծել իր խնդիրները Անդրկովկասում առանց միջազգային հարաբերություններում որևէ խնդրի: Այս մասին ասվում է Лента.ру-ի  ուշագրավ հոդվածում, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

 

«ՌԴ-ն, քաղաքական նկատառումներից ելնելով, դեռևս չի կարող ընդունել իր կազմ նոր տարածքներ և սահմանափակվել է Ղրիմով: Ներկայումս Դոնեցկի, Լուգանսկի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միացման մասին խոսք չի կարող լինել, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվում է դեպի հարավ առաջ շարժվելուց և Անդրկովկասում իր խնդիրները լուծելուց:

 

ՌԴ-ն տարածաշրջանում երկու խնդիր ունի, և դրանք սերտորեն կապված են միմյանց: Առաջինը՝ թույլ չտալ Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ստեղծումը և երկրի՝ ԵՄ-ի տնտեսական կառույցներին  անդամակցումը, երկրորդը՝ դեպի Հայաստան ուղիղ տրանսպորտային ճանապարհի ապահովումը, քանի որ ՀՀ-ն միանում է ԵՏՄ-ին և եվրասիական կապերի պոտենցիալի իրականացման համար ՌԴ-ի հետ ընդհանուր սահման է հարկավոր: Բացի այդ` տրանսպորտային հաղորդակցուղիների  նկատմամբ ՌԴ-ի վերահսկողությունը կապահովի ՀՀ-ում ռուսական ռազմակայանի լիարժեք գործարկումը:

 

Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել պետությունների ինստիտուցիոնալ համալիր ինտեգրումը եվրասիական տարածությանը՝ պետական սահմանի անկախությունը պահպանելով:

 

Այսպես՝ ՌԴ-ն հետաքրքրված է Տրանսկովկասյան ավտոմոբիլային ճանապարհով, որը միացնում է իրար ռուսական Հյուսիսային Կովկասը (Հյուսիսային և Հարավային Օսիայի միջոցով), Վրաստանը, Հայաստանը և Իրանը (դիտարկվում է նաև Ալագիր – Ցխինվալ 160 կիլոմետրանոց երկաթուղու կառուցումը, որը կմիացնի Հարավկովկասյան երկաթուղին և Անդրկովկասյան երկաթուղին):

 

Սակայն Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, պաշտոնանկությունները կարող են մեծացնել անկայունությունը երկրում: Հաշվի առնելով տվյալ իրավիճակը՝ Վրաստանում հնարավոր է կրկնվի ուկրաինական սցենարը: Նման պայմաններում Ռուսաստանը ոչ միայն կկատարի Աբխազիան և Հարավային Օսիան պաշտպանելու իր պարտավորությունները, այլև կապահովի բնակչության անվտանգությունը:

 

Նման դեպքում համագործակցության և ինտեգրման մասին երկկողմ համաձայնագրերը հնարավոր է կնքվեն նաեւ Վրաստանի առանձին շրջանների ղեկավարների հետ, որոնք Մոսկվայի և տեղի բնակչության կողմից լեգիտիմ կճանաչվեն»: