կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-12 13:00
Աշխարհ

Անկարայում սպանդի հրամանը Էրդողանն է տվել. թուրք սյունակագրի ուշագրավ հոդվածը

Անկարայում սպանդի հրամանը Էրդողանն է տվել. թուրք սյունակագրի ուշագրավ հոդվածը

Թուրքիայում Özgür Gündem («Ազատ օրակարգ») թերթի սյունակագիր Բաքի Գյուլն ուշագրավ հոդված է հրապարակել՝ բազմիցս կրկնելով, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունների հրամանն արձակել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև:

«Խոսքը երկարացնելու կարիք չկա: Հատկապես` ԱԶԿ-ն կոկորդիլոսի արցունքներ թող չթափի: Անկարայում զանգվածային կոտորածի հրամանը, հրահանգը Թայիփ Էրդողանն իր պալատում է տվել:

Ահա ապացույցը` Էրդողանն այս տարվա հուլիսի 28-ին՝ նախքան Չինաստան և Ինդոնեզիա մեկնելը,   Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում հենց այս խոսքերը չէ՞ր ասել. «Թուրքիայի Հանրապետությունն ունի այն ուժը, որ զոհվածների արյան համար հաշիվ պահանջի ահաբեկիչներից, նրանց զորակցող` իբրև թե քաղաքական գործիչներից, մտավորականներից, ՀԿ ներկայացուցիչներից, կարճ ասած՝ բոլորից: Ոչ մի խոսք չի կարող լինել այս ուղղությամբ հետքայլ անելու մասին»:

Լավ, ըստ Էրդողանի, ովքե՞ր են այն իբր քաղաքական գործիչները, ՀԿ ներկայացուցիչներն ու մտավորականները, որոնցից հաշիվ պետք է պահանջեն: Տեսեք` ովքեր են Անկարայում մահացածները, նրանք բոլորն այն մարդիկ են, որոնց Էրդողանն ու նրա հանցախումբը թիրախ էին դարձրել: Այդ քաղաքական կուսակցությունները որո՞նք են` Ժողովուրդների դեմոկրատական, «Ժողովրդավարական մարզեր» և այլ կուսակցություններ: Իսկ որո՞նք են այդ ՀԿ-ները` Մարդու իրավունքների միությունը, «Խաղաղության մայրեր» և այլն: Իսկ ովքե՞ր են այդ մտավորականները: Նրանք էլ Էրդողանին և նրա կուսակցությանը (ԱԶԿ-ին) քննադատողներն են: Էրդողանն էլ նրանց դատի է տալիս, թիրախ դարձնում...

Լավ, իսկ ովքե՞ր են Անկարայում զոհվածները: ԺԴԿ-ի, «Խաղաղության մայրեր»-ի անդամներն ու վերոնշյալ անձինք: Հետևաբար, այդ մարդկանց թիրախ դարձնողն ու նրանց սպանդն իրականացնողը Էրդողանն է, նրա կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, և նրա մեդիան:

Այս սպանդի քաղաքական, հասարակական հիմքը դրել է Էրդողանը: Հենց նա է այդ մարդկանց թիրախ դարձրել: Նա, մասնավորապես, ուզել է նրանց ոչնչացումը: Դե, արդեն կարևոր չէ` վարձու մարդասպա՞ն, թե՞ ազգային հետախուզությունից է իրագործողը: Սակայն ինչպես Սուրուչում, Ամեդում, Ջիզրեում, Սիլոփում, Ֆարքինում, այնպես էլ այստեղ, մարդկանց սպանության պատասխանատուն Էրդողանն է, նրա կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, և նրա մեդիան:

Ահմեդ Դավութօղլուն և ԱԶԿ-ի ԶԼՄ-ներն էլ պնդում են, թե «զարկ է տրվել հաշտությանն ու խաղաղությանը»: Մարդը կարո՞ղ է այսքան ստոր և անբարո լինել: Դուք տեսնում եք Անկարայից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող լեռներում ով կա, ինչ նպատակներ են հետապնդվում, բայց չեք տեսնում Անկարայում ռումբ տեղադրողների՞ն, հա՞...

Մի տոպրակ բռնած, աջուձախ թափահարելով` գնացեք Անկարա, վայրկյանապես կշրջապատվեք ոստիկաններով: Առավել ևս՝ Անկարայի կայարանում կամ մոտակայքում ձեզանից անմիջապես ինքնության քարտ կպահանջեն, այնուհետև ոստիկաններ կհավաքվեն, որոնք զենքերը կպարզեն ձեր ուղղությամբ: Լավ, եթե այդպես է, բայց Անկարայում ՀԿ-ների ցույցից առաջ նորմա՞լ է, որ կայարանում ոստիկան չի եղել, տեսախցիկները չեն տեսագրել, կամ ոստիկանները ոչ ոք չեն ստուգել:

Թայիփ Էրդողանին և նրա աշխատակազմին հիմա խուճապն է պատել: «Մեր ժողովրդին փորձում են իրար դեմ դուրս բերել» ասելով՝ փորձում է իրեն որպես տուժող ներկայացնել, մեղքն էլ մահացածների վրա բարդել: Բոլորս էլ գիտենք, որ Էրդողանն ու նրա հանցախումբը աշխատանքային կազմակերպություններին, ձախակողմյան և դեմոկրատական բոլոր կառույցներին դիտավորյալ «ահաբեկիչ» են անվանում: Մինչդեռ Էրդողանն ու նրա հանցախումբն արագորեն գնում են դեպի աշխարհի ամենաարյունոտ ահաբեկչական կազմակերպությունը և ավազակային պետությունը դառնալու ուղղությամբ: Սարսափում է, որ իշխանությունից զրկվելու է և, դատվելով, պատասխան է տալու: Դրա համար էլ կարծում է, որ նման արյունոտ և քաոսային խաղերով կարողանալու է երկարաձգել իր իշխանությունը: Մինչդեռ օրեցօր ամեն ինչ վատթարանում է Էրդողանի և նրա հանցախմբի համար: Հետհաշվարկն սկսված է…»:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի