կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 13:10
Արցախ

«Վերջ հրադադարին». Лента.ру-ի ուշագրավ հոդվածը

«Վերջ հրադադարին». Лента.ру-ի ուշագրավ հոդվածը

Ռուսական Лента.ру-ն «Վերջ հրադադարին» հոդվածով անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում առկա լարվածությանը։

Կայքը, գնահատելով երկու կողմերի զինամթերքի ծավալները, եկել է այն եզրակացության` եթե լոկալ սրումը լայնամասշտաբ պատերազմի վերաճի, դա անուղղելի հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար։

Կայքը նշում է, որ 1994-ից ի վեր առաջին անգամ զոհվել են առաջնագծից բավական հեռու գտնվող զինվորներ, քանի որ կիրառվել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, զոհվել են նաև հայ խաղաղ բնակիչներ։

Лента.ру-ն նշում է, որ, 1994-ից սկսած, հակամարտության կողմերի միջև ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում բանակցություններ են ընթանում, սակայն իրական արդյունքներ չկան․ Ադրբեջանի ղեկավարությունը ավելի բարձր է հայտարարում ռեւանշի մասին և ավելի հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը։

Կայքը նաև անդրադառնում երկու կողմերի զինվածության մարկարդակին և նշում, որ անգամ նման քանակի զինամթերք ունենալու պարագայում չի կարելի ասել, որ հակամարտությունը կվերաճի պատերազմի։ Նշվում է, որ Ադրբեջանի դիրքը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին բարենպաստ չէ։ Ադրբեջանի համար նաև խնդիր են Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները` նրանք ՀԱՊԿ-ի անդամ են։

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դաշնակցի վրա հարձակման դեպքում պարտավոր է միջամտել հակամարտությանը»,- գրում է Лента.ру-ն։

Միակ ելքը, ըստ ադրբեջանցի զինվորականների, այսպես կոչված` սահմանափակ հակամարտությունն է ԼՂ-ի տարածքում։

Ամեն դեպքում, ըստ կայքի, կարճ ժամանակում սահմանների հարցում զգալի փոփոխության  չի հաջողվի հասնել, իսկ երկու երկրների ենթակառուցվածքները կարող են զգալի տուժել։

«Հակամարտության  ելքն անկանխատեսելի է։ Կարծիք կա, որ ավելի շահավետ վիճակում է Ադրբեջանը, որը մեծ քանակությամբ տեխնիկա է գնել և մշտապես պատրաստակամություն է  հայտնում հարձակվել հակառակորդի վրա։ Սակայն ակնհայտ է, որ պատերազմն ավերիչ է երկու կողմերի համար էլ` անկախ նրանից՝ ով  է այն սկսում»,- եզրափակում է կայքը։

 Թարգմանությունը` Անի Սահակյանի