կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 16:10
Աշխարհ

Էրդողանին ընդամենը առիթ էր պետք` Պուտինին քննադատելու համար. Взгляд-ի ուշագրավ հոդվածը

Էրդողանին ընդամենը առիթ էր պետք` Պուտինին քննադատելու համար. Взгляд-ի ուշագրավ հոդվածը

Թուրքիան երևում է լրջորեն նեղացել է Ռուսաստանից՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկրի դիրքորոշման հետ կապված: Ոչ բարեկամական հայտարարությունները, այդ թվում` Ղրիմի վերաբերյալ, հաջորդում են միմյանց։ Իսկապես, երկու երկրների հարաբերություններում սառնություն է առաջանում, և դա արդյո՞ք կազդի «Թուրքական հոսք» նախագծի վրա. գրում է Взгляд-ը:

 

Հոդվածը կրճատումներով՝ ստորև:

 

«Հինգշաբթի Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշոօղլուն հայտարարեց, որ Ղրիմ այցելած թուրքական ոչ պաշտոնական պատվիրակությունը մարդու իրավունքների խախտումների նշաններ է հայտնաբերել. թաթարների վրա ճնշում է գործադրվում:

 

Ավելի կոշտ հայտարարություններ թուրքական ղեկավարության շուրթերից հնչեցին նախօրեին: «Ղրիմի անօրինական միացումը չի կարող որևէ կերպ ճանաչվել»,- հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՝ ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների նիստում: Նա նաև կոչ արեց աջակցել Ուկրաինային:

 

Իսկ Չավուշօղլուն նույն հանդիպմանը հայտարարեց, որ Ռուսաստանի վերաբերմունքը Ուկրաինայի, Ղրիմի և Վրաստանի նկատմամբ չի կարելի համարել օրինաչափ:

 

Ակնհայտ է, որ հակառուսական հայտարարությունները, այդ թվում՝ Ղրիմի և Ուկրաինայի հարցում Մոսկվայի «սխալ» քաղաքականության մասին հիշատակմամբ, հետևեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Երևան այցին՝  Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար։

 

Մայիսի 8-ին թուրքական Milliyet թերթն անգամ գրեց, որ Թուրքիայի նախագահը թուրք պատմաբանների հետ հանդիպմանը չի բացառել Մոսկվայում Թուրքիայի դեսպանի հետկանչը՝ ՌԴ-ի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման հետ կապված:

 

Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների վատացումը (գոնե` հռետորաբանության մակարդակում) հակասում են երկու երկրների խորացող տնտեսական համագործակցությանը, առաջին հերթին` էներգետիկ ոլորտում։

 

Սակայն «Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը վստահ է, որ ռուս-թուրքական հարաբերությունների սառեցման մասին խոսել հարկավոր չէ:

 

«Երկրում լուրջ ռուսամետ լոբբի կա, որը ռեժիմի ցանկացած փոփոխության դեպքում չի զոհաբերի ռուս-թուրքական հարաբերությունները: Միայն Պուտինը կարող է պահպանել Էրդողանի ռեժիմի կայունությունը, ով կարող է պարտվել խորհրդարանական ընտրություններում: Թուրքիան շրջապատված է թշնամիներով` մի կողմից` քրդերի հարցը, մյուս կողմից` սիրիական հարցը: Իսկ Չավուշօղլուն ցանկանում է, որ  Ռուսաստանն է՞լ դառնա Թուրքիայի թշնամին: Դա նրա մոտ չի ստացվի»,- ասել է նա:

 

Մեկ այլ փորձագետ՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Յուլյա Կուդրյաշովան  կարծում է, որ թուրքական ղեկավարության` Ռուսաստանի նկատմամբ  խիստ քննադատությունը կապված է Անթալիայում կայացած` ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հավաքի հետ:

 

 «Հաշվի առնելով, որ այնտեղ է եղել Ջոն Քերին, որտեղ բանակցություններ են ընթացել թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հետ, Թուրքիան պետք է ինչ-որ կերպ քաղաքականապես միանար ՆԱՏՕ-ին: Թուրքիայի նախագահը նաև հրաժարվեց Մոսկվա մեկնել մայիսի 9-ին: Ինչ-որ պատճառ Թրդողանը պետք է գտներ Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին Մոսկվա չմեկնելու համար։ Չէ՞ որ արևմտյան երկրները Թուրքիային քննադատում էին, որ չի մասնակցել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին ու շարունակում է տնտեսական նախագծեր իրականացնել, օրինակ` «Թուրքական հոսքը»: Արևմտյան երկրների ուշադրությունը շեղելու և ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների համար քննադատությունից խուսափելու համար Թուրքիային պատճառ էր պետք՝ ապացուցելու, որ երկիրը քաղաքականապես Արևմուտքի հետ է:

 

Իսկ քաղաքականապես Ռուսաստանին քննադատելու համար ևս պատճառ է պետք: Այդ պատճառով Էրդողանը կառչեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Պուտինի հայտարարությունից: Սակայն Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի Ռուսաստանում ունեցած տնտեսական շահերից։ Թուրքիան շատ պրագմատիկ է և հասկանում է, որ պատժամիջոցները շանս են նրա համար»,- ասել է փորձագետը»: