կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 17:10
Աշխարհ

Հայերը ստիպում և պահանջում են Ցեղասպանության ճանաչում. ավստրալական օրաթերթի ուշագրավ հոդվածը

Հայերը ստիպում և պահանջում են Ցեղասպանության ճանաչում. ավստրալական օրաթերթի ուշագրավ հոդվածը

Ավստրալական Greenleft շաբաթաթերթում Ջեյդեն Օքստոն-Ուայթն ուշագրավ հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Հայոց ցեղասպանություն` արդարադատության սպասող հանցագործություն» վերնագրված հոդվածում ասվում է.«1915 թվականի ապրիլի 24-ը 1,5 միլիոն հայերի սպանդի սկիզբն էր՝ իրականացված Օսմանյան կայսրության կողմից, որը հիմա Թուրքիան է: Սա վտանգավոր նախադեպ էր,  որն արդեն պատճենվել եւ ընդլայնվել է  հետագա բռնապետական կառավարությունների կողմից»:

Հոդվածագիրը նշում է, որ 20-րդ դարի սկզբվին Օսմանյան կայսրությունն սկսեց անկում ապրել, տարածքներ կորցրեց Բալկաններում, և  Արևմտյան Հայաստանի երկու միլիոն հայերը սկսեցին պահանջել ավելի լավ վերաբերմունք, քանի որ անարդարացիորեն հետապնդվում էին ու հարկվում. նրանք քրիստոնյաներ էին՝ բացառապես մուսուլմանական երկրում:

«Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը ղեկավարում էին երիտթուրքերը: Առաջնորդվելով Թալեաթ փաշայի նոր գաղափարախոսությամբ, համաձայն որի` Թուրքիան միայն մահմեդական թուրքերի համար է, նրանք սկսեցին դաժան գործողությունները հայ համայնքի դեմ:  1915 թվականի ապրիլի 24-ին թուրք զինվորականները ներխուժեցին հայերի տները: Հայերը, ովքեր անմիջապես չկոտորվեցին, ուղարկվեցին մահվան երթերի` դեպի Սիրիայի անապատ: Երբ նրանց հարցնում էին, թե ո՞րն է իրենց նպատակակետը, նրանք պարզապես պատասխանում էին. «Անհայտությունը»:

Մինչ այսօր Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ընդունել այս ցեղասպանությունը: Նա պնդում է, որ սա «արևմտյան սուտ է»: Թուրքիան ծախսել է միլիոնավոր դոլարներ Հայոց ցեղասպանության փաստը պատմությունից ջնջելու համար՝ ավերելով հայկական հուշարձանները, անգամ՝ փոխելով կենդանիների անունները, որոնք կապ ունեն Հայաստան անվան հետ:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման պատճառով որոշ երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ավստրալիան, նույնպես չեն ճանաչել այս հանցագործությունը: Նրանք այսպես են վարվում, որովհետև ունեն դիվանագիտական և առևտրական հարաբերություններ Թուրքիայի հետ: Բացի այդ` Թուրքիան ռազմավարական կարեւոր երկիր է` իր աշխարհագրական դիրքի շնորհիվ: Եթե Ցեղասպանությունը ճանաչվի,  այդ հարաբերություններին վնաս կհասցվի:

Կառավարությունների` Հայոց ցեղասպանությունը ճանաչել չցանկանալը հիասթափեցրել է Ցեղասպանությունից փրկվածներին և նրանց ընտանիքներին: Այս մարդիկ տեսել են սարսափելի դաժանություններ, որոնք մնացել են նրանց հիշողություններում:

Հայերը ստիպում և պահանջում են ճանաչում: Բայց դա չի ընդունվում Թուրքիայի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Իտալիայի կամ Ավստրալիայի կողմից:

Բացի Հայոց ցեղասպանությունից, աշխարհում շատ ցեղասպանություններ են եղել, օրինակ` նացիստական Գերմանիայի կողմից իրականացված ցեղասպանությունը: Կա ապացույց, որ Հիտլերն օգտագործել է Հայոց ցեղասպանությունը` որպես Հոլոքոստի կաղապար: Նա հավատում էր, որ Թուրքիան ցույց տվեց, թե ինչպես կարելի է ցեղասպանություն իրագործել և խույս տալ պատասխանատվությունից: 1939 թվականին նա ասել է. «Ի վերջո, ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը»:

Այս միտումը շարունակվել է մինչև 21-րդ դար՝ քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի պատերազմով. Իրաքի եւ Սիրիայի դեմ պայքարում Թուրքիան հարձակումներ է իրականացնում քուրդ քաղաքացիների վրա: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, Թուրքիայի քուրդ քաղաքացիներն էլ միջազգային հանրության կողմից չգտան ոչ մի աջակցություն:

Պատմությունը մեզ դաս է տալիս` եթե անցյալի հանցագործությունները չեն ընդունվում և պատժվում, դրանք կկրկնվում են:  Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը՝ նորերը կանխելու համար»,- գրում է Ջեյդեն Օքստոն-Ուայթը: