կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-11 15:50
Աշխարհ

Մոսկվան կորցնում է Բաքուն. Газета.ру-ի ուշագրավ հոդվածը

Մոսկվան կորցնում է Բաքուն. Газета.ру-ի ուշագրավ հոդվածը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին՝ ասելով, որ երկիրն աջակցում է Սիրիայի քրդերին, ինչը «արյան գետերի» է հանգեցրել: Հակամարտելով ԱՄՆ-ի և ավելի վաղ վիճելով ՌԴ-ի հետ՝ Էրդողանը սկսել է հաճախ նայել Ադրբեջանի կողմը: Բաքուն գնալով ավելի զգալի դեր է խաղում սիրիական հակամարտության մեջ և վաղ, թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Մոսկվայի ու Անկարայի միջև. գրում է Газета.ру-ն:

Փետրվարի 18-ին Էրդողանը մեկնում է Ադրբեջան: Ըստ փորձագետների` երկկողմ հարաբերություններից բացի, Բաքվում կարող է քննարկվել այդ ընտրությունը:

«Այսպես, թե այնպես Բաքվի՝ սիրիական հակամարտությունում որպես խաղացող ներգրավվելը ստիպում է մտածել մի հարցի շուրջ՝ Ռուսաստանը կորցնո՞ւմ է Բաքուն»,- գրում է պարբերականը:

 Պարբերականը հիշեցնում է վերջերս տեղի ունեցած 2 կարևոր իրադարձություն՝ Ադրբեջանի նախագահին հրավիրեցին Լոնդոն` Սիրիայի դոնորների համաժողովին մասնակցելու, իսկ Սաուդյան Արաբիան Ադրբեջանին հրավիրեց միանալ ԻՊ-ի դեմ իր կոալիցիային:

«Թուրքիան և Սաուդյան Արաբիան մտադիր են ցամաքային զորքեր մտցնել Սիրիայի տարածք, ինչն արժանացել է Պենտագոնի հավանությանը: Ռուսաստանում դրան, իհարկե, բացասաբար են վերաբերվում: Սակայն եթե այդ պլանն իրագործվի, ապա արդեն կունենանք  գլոբալ պատերազմ, որում կներգրավվեն և\' Հարավային Կովկասի պետությունները, և\' Մերձկասպյան տարածաշրջանի երկրները, և\' այլ երկրներ»,- գրում է կայքը:

Ըստ պարբերականի՝ ակնհայտ է, որ Լոնդոնում քննարկվել են սիրիական հակամարտության հնարավոր սրումը և Բաքվի հետագա քայլերը:

«Ամենայն հավանականությամբ, Ալիևին հարցրել են, թե ո՞ր խմբից է: Իսկ ընտրությունը մեծ չէ: Մի կողմից` ՌԴ-ն և Իրանը, մյուս կողմից՝ վաղեմի դաշնակից Թուրքիան և Արևմուտքը` իր կապիտալներով, որոնք ներկայումս առավել հարկավոր են Բաքվին»,- գրում է կայքը:

«ԼՂՀ-ի ղեկավարությունը ակտիվ շփումներ ունի նույն Լոնդոնի հետ: Ղարաբաղը եթե ոչ 100 տոկոսով, ապա 80 տոկոսով գտնվում է Արևմուտքի տեսադաշտում` որպես առանձին տարածք»,- ասում է ադրբեջանցի փորձագետ Ֆիկրետ Յուսիֆովը:

Ըստ նրա՝ Արևմուտքն օգտագործում է Ղարաբաղը Մեծ Կովկասում և Կասպիցում իր հայեցողությամբ իրավիճակը կարգավորելու համար: Փորձագետը նշել է, որ Ադրբեջանում շատ անհանգստացած են, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում մերժվեց Ուոլթերի հակահայկական զեկույցը:

«Այնպես որ՝ Ղարաբաղը լիովին կարող է դառնալ Արևմուտքի կողմից շանտաժի գորոծոն»,- գրում է պարբերականը:

Թարգմանությունը՝ Անի Սահակյանի