կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-21 11:25
Իրավական

Անլուրջ է 15-ամյա հանդբոլիստի սպանության գործով 9,5 տարի պահանջելը. պաշտպան

Անլուրջ է 15-ամյա հանդբոլիստի սպանության գործով 9,5 տարի պահանջելը. պաշտպան

2013-ին Վանաձորում տեղի ունեցած` 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցևի համար մեղադրող դատախազը 9 տարի 6 ամսվա ազատազրկում է պահանջել: Yerkir.am-ի հետ զրույցում Կարեն Կունգուրցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ դատախազի առաջարկած պահանջն իրենց համար անլուրջ և անհեթեթ է ու բացարձակապես անհիմն:

«Մենք կարծում էինք, որ դատախազը կհրաժարվի մեղադրանքից, բայց, փաստորեն, դատախազությունը հավատարիմ մնաց իր սկզբունքներին: Առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի դեմ չունենալով ոչ մի կասկածելի ապացույց` նման պատժաչափ առաջարկելը պարզապես անհեթեթություն է»,- ասաց պաշտպանը՝ նշելով որ իրենց դիրքորոշումը մանրամասն կհայտնեն պաշտպանական ճառում:

Ի դեպ, դատախազի առաջարկած պատժաչափին դեմ է արտահայտնվել նաև սպանված հանդբոլիստի իրավահաջորդը՝ համարելով, որ Կունգուրցևը պետք է արդարացվի: Նա, ինչպես և պաշտպանական կողմը, այն կարծիքին են, որ սպանությունն այլ անձ է կատարել: Հաջորդ ՝ մարտի 25-ի դատական նիստում ճառով հանդես կգա պաշտպանական կողմը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցևը 2013թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, կենցաղային հողի վրա վիճաբանել և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանին` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն Հովակիմյանի ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: