կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 17:32
Իրավական

Վերսկսվեց Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատաքննությունը

Վերսկսվեց Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատաքննությունը

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը պետք է հրապարակեր այս գործով դատավճիռը, սակայն նա անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ: Այսօրվա դատական նիստում դատավորը հայտնեց, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն իր վերջին խոսքում այնպիսի հանգամանքներ է նշել, որոնք մինչ այդ դատարանին հայտնի չէին և այդ պատճառով դատարանը հարկ է համարել երեք փորձագետների հրավիրել դատարան և նրանց, ինչպես նաև ամբաստանյալին լրացուցիչ հարցաքննել:

Փորձագետներից Վաչե Մնոյանը, ով եզրակացություն էր տվել այս գործի ելքի համար առանցքային նշանակություն ունեցող ձայնագրության մոնտաժված լինելու վերաբերյալ, պնդեց այն եզրակացությունը, համաձայն որի` ձայնագրությունը կրճատումներով է արված: Նրա խոսքով` սակայն հնարավոր չի եղել պարզել, թե ինչ տեխնիկական միջոցներով է այդ կրճատումը կատարվել:

Նշենք, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն իր ցուցմունքում հայտնել էր, որ ձայնագրության մեջ առկա խոսակցությունը տարբեր օրերի է եղել, և որ մոնտաժման եղանակով կպցրել են ու խեղաթյուրել իր միտքը: Դատարանը հենց այս հարցը պարզելու համար էր հրավիրել փորձագետին: Նա, ի պատասպան մեղադրողի այն հարցին, թե խոսակցությունը տարբեր վայրերու՞մ է եղել, թե՞ ոչ, ասաց, որ խոսակցության ակուստիկ միջավայրը նույնն է:

Փորձագետը նշեց, որ իրենց առաջադրված չի եղել այն հարցը, թե այդ խոսակցությունը տարբեր օրերի՞ է, թե՞` ոչ: Նա միաժամանակ չբացառեց, որ տեխնիկապես հնարավոր է տարբեր օրերի ասված միտքը, խոսքը կպցնել իրար:

Իսրայել Սարգսյանը ևս չհերքեց, որ ձայնագրությունը նույն վայրում է արվել` այս գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանին պատկանող տան սպորտային սրահում, սակայն` տարբերի օրերի:

Փորձագետ Գևորգյանն էլ դատարանում պատասխանեց այս գործով տուժող, Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարող Մովսես Ներսիսյանի դիակը չհայտնաբերելու վերաբերյալ հարցերին: Նրա խոսքով` եթե դիակը կա` պետք է կմախքային ոսկորները պահպանվեն: Դատարանի հարցին, թե հնարավո՞ր է կմախքը ևս քայքայված լինի, փորձագետն ասաց, որ` ոչ: Նրա խոսքով` ելակետային տվյալներ չեն ստացվել նաև կոյուղաջրի բաղադրության և դիակի գտնվելու կոնկրետ տեղի մասին, հետևաբար իրենք չէին կարող պարզել, թե ջրային ինչ միջավայրի հետ գործ ունեն, դիակը քայքայվել է՞, թե՞ ոչ, կմախքային ոսկորները ու՞ր են հասել և այլն:

«Էդ ոսկորը խի՞ դատախազությունը չի գտնում որ»,-տեղից արձագանքեց ամբաստանյալը:

Դատարանն անցավ ամբաստանյալի լրացուցիչ հարցաքննությանը, սակայն Իսրայել Սարգսյանն ասաց, որ իր համար ճակատագրական հարց է, և ինքը տվյալ պահին պատրաստ չի լրացուցիչ հարցաքննության:

Այսպիսով` այսօվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 10 –ին:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Մոսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:

Հեշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը նախքան ձերբակալվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար: