կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 11:35
Իրավական

15-ամյա հանդբոլիստի սպանության գործով անցնող բժշկին մեղադրանք է առաջադրվել

15-ամյա հանդբոլիստի սպանության գործով անցնող բժշկին մեղադրանք է առաջադրվել

Yerkir.am-ի տեղեկություններով` օգոստոսի 26-ին ձերբակալված` «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

 

Իսկ այսօր դատարանում կքննարկվի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:

 

Նշենք, որ բժիշկը կասկածվում է Դ. Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ:

 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 12-ին.    կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, անչափահաս Դ. Հովակիմյանը, ով Վանաձորում մասնակցում էր ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին:

 

Ի դեպ, մոտ օրերս կավարտվի Հովակիմյանի սպանության գործի նախաքննությունը: Նշենք նաև, որ Դ. Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևին ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է (մեղմացվել է) և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ կատարելը): Կունգուրցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում նաև փոփոխված մեղադրանքը` պնդելով, որ ինքն ընդհանրապես դեպքին չի մասնակցել: Նա նշեց, որ մոտ օրերս իրենց կտրամադրվեն քրեական գործի պատճենները: Փաստաբանը նաև ասաց, որ այս գործով այլ կասկածյալներ չկան: