Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մոտ մեկ շաբաթ առաջ բողոք է ներկայացրել վերադաս դատախազին: Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ բողոքն ուղարկվել է մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետին, նաև` գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Նա հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումից հետո դատախազությունից գրություն են ստացել, որ կարող են բողոք ներկայացնել վերադաս դատախազին: Այդ գրության մեջ նշված չի եղել բողոք բերելու օրենսդրական մեխանիզմների և ժամկետների մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռ. Ռևազյանը դիմել էր դատախազություն` նոր երևան եկած հանգամանքով Սողոմոն Քոչարյանի գործը վերանայելու համար, սակայն դատախազությունը մերժել էր մայիսի 31-ի որոշմամբ:
Բանն այն է, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Սողոմոն Քոչարյանի գործը լուսաբանելու ընթացքում հայտնաբերել է տեղեկություններ այն մասին, որ գործով դատավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժիրայր Խառատյանը խոստովանել է, որ համաձայն չի եղել մեղադրանքի հետ, և որ առաջադրված մեղադրանքը եղել է քաղաքական ճնշման ազդեցությամբ:
Դատախազության` նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը Ռ. Ռևազյանը բողոքարկել էր դատարանի միջոցով: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բողոքը բավարարել էր մասնակի:
Որոշման մեջ նշվում է, որ պետք է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել բողոքաբերի խախտված իրավունքները: Սակայն մերժել էր փաստաբանի մյուս պահանջը` դատախազությանը պարտավորեցնել վերացնել գործը վերանայելը մերժող որոշումը` որոշման բողոքարկման դատավարական կարգը չպահպանելու պատճառաբանությամբ:
Նշենք նաև, որ 1995 թվականի դեկտեմբերի 1-ին Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականի օգոստոսի 1-ի` ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել` մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: