կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-01 13:18
Իրավական

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանի դատավճիռը կվերանայվի՞. կորոշի դատարանը

Ադրբեջանցու սպանության համար ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանի դատավճիռը կվերանայվի՞. կորոշի դատարանը

Պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և արդեն 19 տարի ազատազրկման մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի գործը վերաբացելու կարծես հույսի նշույլ կա:

 

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, Սողոմոն Քոչարյանի գործը լուսաբանելու ընթացքում հայտանաբերել է տեղեկություններ այն մասին, որ գործով դատավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժիրայր Խառատյանը խոստովանել է, որ համաձայն չի եղել մեղադրանքի հետ և որ առաջադրված մեղադրանքը եղել է քաղաքական ճնշման ազդեցությամբ:

 

Նշենք, որ 1995 թվականի դեկտեմբերի 1-ին Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականի օգոստոսի 1-ի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով նրան ներում է շնորհվելմահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 

 

Որպես նոր երևան եկած հանգամանքի հիմքով մեղադրական ակտը վերանայելու դիմում է գրվել Գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունից այս տարվա մայիսի 31-ին մերժում է եղել:

 

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց դատախազի մերժման որոշման դեմ բերված բողոքը: Բողոքը ներկայացնող փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ դատախազությունը ճիշտ չի մեկնաբանել օրենքը:

 

Դատախազությունը մերժումը բացատրել է նրանով, որ «Հետաքննող լրագրողների» կողմից մատնանշված հանգամանքն ինքնին կամ այլ հանգամանքների հետ չի հաստատում Սողոմոն Քոչարյանի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել էՆրա խոսքով, գործը վերանայելու վերաբերյալ դիմումները պետք է լինեն հիմնավոր, հակառակ դեպքում, կխաթարվի դատական ակտերի կայունությունը:

 

Այս փաստարկը դատարանում նշեց նաև ներկայացած դատախազը և ասաց, որ մատնանշված նոր երևան եկած հանգամանքը միայն չակերտների մեջ կարելի է այդպիսին անվանել: Նրա խոսքով, դա ընդամենը եղել է դատավարության կողմերից մեկի կարծիքը, որը ոչ վերադասելի, ոչ էլ ստորադասելի է դատավարության մյուս կողմերից մեկի կարծիքին: Եվ որ այդ կարծիքով դատարանը կաշկանդված չէ եղել դատավճիռ կայացնելիս:

 

Սրա վերաբերյալ դատարանում, այնուհետև Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հայտնեց, որ դատախազությունը պետք է գնահատական տար նախ այն փաստին, որ դատախազի վրա ճնշում է գործադրվել, սա հանցագործության մասին հաղորդում է: Եվ եթե մեղադրողի դիրքորոշումը էական չլիներ, ապա օրենքով չէր սահմանվի դատախազի անկողմնակալ լինելու մասին:

 

Նշենք նաև, որ այս գործով դատական մյուս նիստը կլինի օգոստոսի 25-ին: Ամենայն հավանականությամբ, դատարանը հարցեր կտա կողմերին, այնուհետև կանցնի խորհրդակցական սենյակ` դատական ակտ ընդունելու համար:

 

Զրույցը Սողոմոն Քոչարյանի մոր` Զինա Քոչարյանի հետ` տեսանյութում: