կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 16:16
Իրավական

«Հարսնաքարի» գործով դատապարտվածի պաշտպանը կհորդորի դադարեցնել նստացույցը

«Հարսնաքարի»  գործով  դատապարտվածի պաշտպանը կհորդորի դադարեցնել նստացույցը

«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը կհորդորի իր պաշտպանյալի հարազատներին` Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում դադարեցնել նախագահի նստավայրի առջեւ իրականացվող նստացույցը: Այս մասին այսօր նախագահի նստավայրի մոտ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը` նշելով, որ այդ քայլին կդիմեն, որպեսզի բողոքի ակցիաները չդիտվեն որպես դատարանի նկատմամբ ճնշման փորձ:

 

«Ոչ ոք չի ցանկանում, որ ինչ-որ մեղավոր անձ արդարացվի կամ պատասխանատվություն չկրի: Մարդիկ պարզապես ցանկանում են արդար դատաքննություն, որն այս գործի շրջանակներում առաջին ատյանի դատարանում տեղի չունեցավ»,- ասաց Պողոսյանը:

 

Նշենք, որ նա իր վերաքննիչ բողոքում պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը և արդարացնել Արման Բաղդասարյանին կամ բեկանել դատավճիռը և ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության:

 

Գործով ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը, Արման Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Գարիկ Մարգարյանը դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի: Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է մայիսի 30-ին: Գործով 6 ամբաստանյալները դատարանից պահանջել են բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Գործով նախագահող դատավորը Սերգեյ Չիչոյանն է:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: