կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 12:53
Իրավական

Ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկվածի գործում կա առաջընթաց, բայց դեռևս` ոչ հաղթանակ

Ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկվածի գործում կա առաջընթաց, բայց դեռևս` ոչ հաղթանակ

Պարսկահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկված ազատամարտիկ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի գործի վերանայման համար փոքր առաջընթաց արդեն կա:

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազության:  Ռևազյանը գործում նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով դիմել էր դատախազություն` խնդրելով քննության առնել այն, սակայն ստացել էր մերժում:

 

Բանն այն է, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, Սողոմոն Քոչարյանի գործը լուսաբանելու ընթացքում հայտանաբերել է տեղեկություններ այն մասին, որ գործով դատավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժիրայր Խառատյանը խոստովանել է, որ համաձայն չի եղել մեղադրանքի հետ, և որ առաջադրված մեղադրանքը եղել է քաղաքական ճնշման ազդեցությամբ:  

 

Դատարանի որոշման և դրա նշանակության մասին Yerkir.am-ը զրուցեց փաստաբան Ռոբերտ Ռևազյանի հետ:

 

-Պարո'ն Ռևազյան, Դուք արդեն ստացե՞լ եք որոշումը: Խնդրում եմ բացատրել, այդ որոշումն ինչ նշանակություն է ունենալու գործի համար:

-Որոշումը դեռ չեմ ստացել, խնդրել եմ, որ փոստով ուղարկեն: 

Դատախազությունը հրաժարվել էր այդ հանգամանքով վարույթ հարուցել: Ըստ էության` դատարանը պարտավորեցրել է վերացնել այդ իրավունքի խախտումները, և դա նշանակում է, որ դատախազությունն ամեն դեպքում այդ հանգամանքը պետք է հաշվի առնի: Եվ եթե պարզվի, որ դա ազդել է գործի ելքի վրա, պետք է դիմի Վճռաբեկ դատարան` գործի վերանայման համար:

 

-Այսինքն` այս որոշումը դեռևս չի նշանակում գործի վերանայում:

-Այո, չի նշանակում:

 

-Դատախազությունը պնդում է, որ եթե նման բողոքները բավարարվեն, և գործերը սկսեն վերանայել, ապա կխախտվի դատական ակտերի կայունությունը: Այս առումով այս որոշումը ի՞նչ դեր է ունենալու:

-Եթե փորձենք վերլուծել հայաստանյան դատական պրակտիկան` ընդհանրապես, ապա չկա մի դեպք, երբ  դատախազը տարիներ անց հայտարարեր, որ իր վրա ճնշումներ են եղել, որ ինքը օբյեկտիվ չի եղել: Միգուցե մեկ-երկու դեպք եղել է, ես չեմ հիշում: Ամեն դեպքում` դա այդքան տարածված չէ:

 

Մյուս կողմից` ամենակարևորը անձի իրավունքների պաշտպանությունն է: Եթե նույնիսկ դա տարածված էլ լինի, պետությունը պարտավոր է յուրաքանչյուր նման արձագանքի դեպքում լուրջ քննության առնել տվյալ  հանգամանքը, որովհետև դա հարված է արդարադատության ողնաշարին: Եթե մենք աչք փակենք, ապա ազատ կարող են ճնշումներ լինել և' դատախազության, և' դատարանի վրա, միևնույն է` որևէ արդյունք չի լինի հետագայում: Այդպիսով` մենք վերացնում ենք դատախազության և դատարանների պաշտպանությունը:

 

-Սպասո՞ւմ էիք, որ դատարանը, թեկուզ ոչ ամբողջությամբ, կբավարարեր բողոքը:

-Ես, անկեղծ ասած, շատ փոքր հույս ունեի, որ դատարանը կարող էր բավարարել բողոքը: Սա ինձ համար, իրոք, անկնկալ էր: Իհարկե, ես չեմ ուզում ոգևորվել, ինչ-որ արդյունքի մասին խոսել, սա փոքր առաջընթաց է, առջևում շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու:

 

-Նկատի ունեք այն, որ որոշումը կարող է բողոքարկվել վերադաս ատյանո՞ւմ:  

-Չէ, դա դեռ մի կողմ դնենք, կարող է` դատախազությունը քննություն սկսի ու որոշի, որ դա հիմք չէ` գործը վերանայելու համար կամ գործի ելքի վրա չի ազդել: Ամեն դեպքում` սա դեռ վերջնական հաղթանակ չէ:

 

-Հասկանալի է, որ որոշումը Ձեր ձեռքի տակ չկա, այնուամենայնիվ, ենթադրու՞մ եք` որ մասով չի բավարարվել բողոքը:

-Ինձ թվում է` բովանդակային մասով այն բավարարված է: Այնտեղ պահանջը եղել է դատախազության որոշումը վերացնել, բողոքը բավարարել և դատախազությանը պարտավորեցնել վարույթ հարուցել: Սակայն Քրեական դատավարության օրենսգրքի պահանջը այն է, որ եթե  դատարանը գտնում է` բողոքը հիմնավոր է, ապա վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում է վերացնել  անձի իրավունքի խախտումները, ինչն այս որոշման մեջ դատարանը նույն ձևակերպմամբ նշել է:

Սակայն մինչև  որոշումն իմ ձեռքի տակ չլինի, չեմ կարող հստակ որոշում հայտնել:

 

Հ.Գ. Նշենք, որ 1995 թվականի դեկտեմբերի 1-ին Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: Սակայն 2003 թվականի օգոստոսի 1-ի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով նրան ներում է շնորհվելմահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: