կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-08 10:33
Իրավական

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու գործով փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու գործով փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան

Փաստաբան Երեմ Սարգսյանը բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու  գործով նախաքննության ընթացքում  բռնությունների վերաբերյալ հայտարարությունների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՔԾ որոշման վերաբերյալ: Մինչ այդ փաստաբանը որոշումը բողոքարկել է նաև ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մերժում է ստացել:

 

Բռնությունների վերաբերյալ հայտարարությունների հիման վրա քրեական գործ սկսելու հիմքերն, ըստ պաշտպանի, հետևյալն են` Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր  իրավասության դատարանում Ստեփան Հակոբյանի  վերաբերյալ քննվող քրեական գործով դատաքննության  ընթացքում վկաներ Ահարոն Հակոբյանը և Արամայիս Սեդրակյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ սույն քրեական գործի նախաքննության ընթացքում` դեռևս 2007 թվականին, իրենք մի քանի օր ապօրինի պահվել են ոստիկանության բաժնում, իրենց նկատմամբ բռնություններ են գործադրվել և ստիպել են, որպեսզի ցուցմունքներ տան, թե իբր Ստեփան Հակոբյանն է պատվիրել Սեդրակ Զատիկյանի սպանությունը:  

 

Քրեական գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանը դատարանում նույնպես հայտնել է, որ երբ 2007 թվականին ինքը և կինը` նույն քրեական գործով դատապարտյալ Լուսինե Ղևոնդյանը, ինքնակամ ներկայացել են ՀՀ գլխավոր դատախազություն և մտել քննիչի մոտ, այդ պահից սկսած` իրենց նկատմամբ ճնշումներ և բռնություններ են կիրառվել: Իրեն ստիպել են, որ հանցագործությունը խոստովանող ցուցմունքներ տա, սակայն քանի որ հրաժարվել է, կնոջն այլ սենյակ են տարել, սպառնացել, որ նրա հետ «վատ» բաներ կկատարվի, որից հետո կնոջ գոռոցներն է լսել և ստիպված արել է այնպես, ինչպես իրեն ասել են: Արթուր Հովհաննիսյանը դատարանում հայտնեց նաև, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նաև հարվածել ու կոտրել են իր մոր ատամները:  

 

2013թ. հունվարի 29-ին և փետրվարի 15-ին դատարանը համապատասխան գրություններով այդ մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և դեպքի առթիվ նույն ծառայության ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանի կողմից նախապատրաստվել են նյութեր, սակայն նա, ըստ Երեմ Սարգսյանի, ապրիլի 22-ին անհիմն որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:  

 

Փաստաբանն անդրադառնում է իր  բողոքում նշված մի քանի ակնառու փաստերի. «Նախ` բողոքում նշվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության, հատկապես` նույն ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի` որպես վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնող պետական մարմնի, ոչ անկախ և կողմնակալ լինելու վերաբերյալ հիմնավորումները: Վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու առանցքային չափանիշներից է այդ քննությունն իրականացնող պետական մարմնի անկախությունը և անկողմնակալությունը: Այսինքն` քննությունների իրականացմանը ներգրավված պաշտոնատար և որոշում կայացնող բոլոր անձինք պետք է անկախ լինեն քննվող փաստերի հետ առնչություն ունեցող անձանցից և չպետք է առնչված լինեն ենթադրյալ տուժողների վերաբերյալ կոնկրետ գործով իրականացված քննություններին կամ կայացված որոշումներին»:

 

Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով  քննչական-օպերատիվ խումբ կազմելու մասին 22.06.2006թ. որոշումը կայացրել է այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի կողմից դատարանի հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստելու ընթացքում և դրա արդյունքում նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 22.04.2013թ. որոշում կայացնելու ժամանակ պարոն Անդրանիկ Միրզոյանն արդեն ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն էր:  

 

«Իսկ ինչն առավել կարևորն է, այդ քննչական-օպերատիվ խմբի կազմում է ընդգրկված եղել նաև այն ժամանակ Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ Արամ Գրիշայի Գրիգորյանը, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ, և հենց նա էլ անմիջականորեն քննել է Ահարոն Հակոբյանի, Արամայիս Սեդրակյանի և Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ ուղարկված հաղորդումը և որոշում կայացրել»,- նշում է փաստաբանը:  

 

Ավելին` 2007 թվականի դեկտեմբերի 7-ին Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության կատարումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվելուց հետո նույն ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից դրա նախաքննության կատարումը հանձնարարվել է հենց ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանին, ով քրեական գործն ընդունել է վարույթ, կատարել է բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես` միջնորդություն է ներկայացրել դատարան Ստեփան Հակոբյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին, ապա նաև անձամբ կատարել է այդ խուզարկությունը:   Հենց  այս հանգամանքից ելնելով էլ՝ զարմանալի  չէ, ըստ պաշտպանի, որ ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանը մակերեսային և ձևական քննություն կատարելու արդյունքում որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, քանի որ նա, անձամբ ներգրավված լինելով Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը, բնականաբար, չէր կարող անկողմնակալ դիրքորոշում ունենալ: Բացի այդ` սույն որոշումը կայացնելու պահին պարոն Անդրանիկ Միրզոյանը հանդիսացել է նրա վերադասը, հետևաբար` նա նաև անկախ չէր կարող լինել:  

 

Պաշտպանի խոսքով` քրեական գործով կազմվում է օպերատիվ-քննչական խումբ, դրա նպատակն է, որ այդ խմբում ընգրկված բոլոր պաշտոնատար անձինք ներգրավվեն քննության իրականացմանը: Եվ երբ այդ գործով վկան, մեղադրյալը կամ որևէ այլ անձ հայտնում է, որ այդ գործի քննության ընթացքում իր նկատմամբ ապօրինություններ են կատարվել, իրեն մի քանի օր ապօրինի պահել են անազատության մեջ, իր նկատմամբ բռնություն են գործադրել, սակայն չի կարողանում նշել, թե կոնկրետ ովքեր են այդ ապօրինությունները կատարել, ապա ստուգման ենթակա է այդ օպերատիվ-քննչական խմբում ընդգրկված ցանկացած անձի հնարավոր մասնակցությունը այդ ապօրինություններին և խոշտանգումներին: Այս դեպքում ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանը պետք է պարզեր նաև, թե արդյոք ինքը կամ իր վերադասը կամ իր աշխատանքային ընկերները հանցագործություն կատարե՞լ են, թե՞ ոչ, ինչը բացարձակ անտրամաբանական է:

 

Վերը նշված հիմնավորումների արդյունքում, ըստ Երեմ Սարգսյանի, պարզից էլ պարզ է, որ ո՛չ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ո՛չ էլ հատկապես այդ ծառայության ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանը, չեն կարող համարվել Ահարոն Հակոբյանի, Արամայիս Սեդրակյանի և Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնող անկախ և անկողմնակալ պետական մարմին և պաշտոնատար անձ, ուստի չի ապահովվել վատ վերաբերմունքի վերաբերյալ պետության արդյունավետ քննության իրականացման պոզիտիվ պարտականությունը, ինչն էլ հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝  Խոշտանգումների արգելում,  խախտման:     

 

Փաստաբանը խոստանում է մոտ օրերս ներկայացնել նաև  բողոքի մյուս հիմնավորումները, որոնցով հաստատում է, որ, իրոք, խոշտանգումներ եղել են: