Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը` վերջին ամիսներին ԿՄ արած աշխատանքներն ամփոփելու և նոր ծրագրերը ներկայացնելու:
Սաթյանը տեղեկացրեց, որ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել` կառուցվածքայինից սկսված` մինչև ֆինանսական ու ներկայացուցչական-փառատոնային: Վերջին ամիսներին միությունը հասցրել է արդեն 3 փառատոն անցկացնել, 4-րդ ընթացքի մեջ է, իսկ հունիսի 30-ին կմեկնարկի 5-րդ փառատոնը:
«Միությունում, առաջին հերթին, կառուցվածքային փոփոխություններ են արվել, քանի որ նախկին ստրուկտուրան չէր աշխատում, առանց նոր մոտեցման հնարավոր չէ առաջ շարժվել: Ցավալի է, որ տեղեկատվական դաշտը դատարկ է մեր հաջողությունների համար: Երբ սպորտի ոլորտում մեր մարզիկներից մեկն անգամ 5-6-րդ տեղն է գրավում ինչ-որ մրցույթում, գնում են օդանավակայան, դիմավորում նրան, իսկ մեր դեպքում, երբ ամենահեղինակավոր միջազգային մրցույթներում մեր երաժիշտներն առաջին տեղն են զբաղեցնում, ոչ ոք չի խոսում այդ մասին»,- ասաց Սաթյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հոկտեմբերի վերջին միությունը միջազգային մեծ ֆիրմաներին կներկայացնի մեր ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները` դրանք ձայնագրելու-տպագրելու համար: Սաթյանի հավաստմամբ` միայն այդկերպ կկարողանանք մասնակցել միջազգային այնպիսի մրցանակաբաշխությունների, ինչպիսին է, ասենք, «Գրեմմին», քանի որ ընկերություններն իրենք պետք է մրցույթի կազմակերպիչներին ներկայացնեն ձայնագրությունները:
Բացի այդ` առաջիկայում Նյու Յորքում, Քվեբեկում կլինեն համերգներ, որոնց ընթացքում կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Լևոն Չաուշյանի, Դավիթ Սաթյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի և Արթուր Աքշելյանի ստեղծագործությունները:
Այն, որ Հայաստանում հայ կոմպոզիտորների երաժշտության պահանջարկը կա, Սաթյանի հավաստմամբ, փաստ է. վերջերս երիտասարդները համերգներով հանդես են եկել Գորիսում և Ղափանում, որից հետո միությունը ստացել է բազմաթիվ նամակներ` կրկին տեղում համերգներով հանդես գալու խնդրանքով:
«Ասում են` պահանջարկ չկա, բայց այդպես չէ, դա հեռուստատեսությունների պնդումն է: Մենք պետք է սիրենք մեզ, լինենք հայ, կատարենք մերը` այդպիսով պահպանելով այն: Տարիներ առաջ հեռուստաընկերություններից մեկի ղեկավարը հայտարարել էր, թե Հայաստանում Արամ Խաչատրյանի գործերի պահանջարկը չկա: Այդ ինչպե՞ս ստացվեց` ամբողջ աշխարհում Խաչատրյանի պահանջարկը կա՞, մեզ մոտ չկա՞: Պահանջարկը մենք ենք ստեղծում: Մենք փոքր ազգ ենք, եթե մենք մերը չպահպանենք` ոչ ոք այն չի պահպանելու»,- ասաց Սաթյանը` հավելելով, որ արվեստը մեր անվտանգության երաշխիքն է:
Անհրաժեշտ է զարգացնել մեր ունեցածը և հետո` արտահանել, սա է երաժշտության պահանջարկի ավելացման, զարգացման` ԿՄ նախագահի առաջարկած բանաձևը: