կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 12:44
Քաղաքական

Ստացվեց այն, ինչ ստացվեց. քառյակը քննարկել է ԲՀԿ-ի երեկվա պահվածքը

Ստացվեց այն, ինչ ստացվեց. քառյակը քննարկել է ԲՀԿ-ի երեկվա պահվածքը

Քառյակի այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երեկ ԱԺ նախագահի ընտրություններին ԲՀԿ-ի պահվածքը, երբ ԲՀԿ-ն անակնկալ ձևով որոշեց մասնակցել ընտրություններին և ըստ էության քվեարկեց Գալուստ Սահակյանի օգտին:

 

Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ԲՀԿ-ի պահվածքը քննարկվել է քննարկման ժամանակ: «ԲՀԿ պատգամավորները ասացին, որ այդ հարցը պետք է քննարկեն իրենց կուսակցության ներսում: Կքննարկեն, հետո մենք կցանկանանք լսել իրենց մոտեցումները»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Նա չցանկացավ գնահատականներ հնչեցնել ԲՀԿ-ի այդ քայլի վերաբերյալ, համարելով, որ կոռեկտ չէ գնահատական տալ քառյակից որևէ ուժի գործողություններին, քանի որ գիտակցում են, որ առավել կարևոր է միասնական համագործակցությունը: «Այն ինչ տեսնում եմ, ես ծայրահեղ գնահատականներ չէի տա, դա որոշակիորեն ԲՀԿ-ի ներսի խնդիրն է:

 

Նա նշեց, որ ԱԺ նախագահի ընտրությունների հետ կապված քառյակը միասնական դիրքորոշում չի ունեցել, և քառյակն ունի սկզբունք, որ եթե որևէ հարց չի մտնում միասնական օրակարգ, ապա յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր գործողություններում: «Որոշակի քննարկում եղել է այդ հարցով, բայց չեմ ուզում ներքին խոհանոցային բաներ բացեմ, այդ հարցը չդարձավ միասնական օրակարգի հարց, որովհետև տարակարծություններ կային»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` չհամաձակնելով այն կարծիքի հետ, թե քառյակի համագործակցությունն արդեն ավարտված է:

 

Նա նշեց, որ չորս քաղաքական ուժերը համագործակցելու են, քանի որ կան շատ ավելի կարևոր հարցեր, այնուամենայնիվ, Ռուբեն Հակոբյանի խոսքով, իհարկե, լավ կլիներ որ չլինեն այնպիսի հարցեր, որոնք կարող են թուլացնել չորս ուժերի միասնականությունը: «Իհարկե, ԱԺ նախագահի ընտրությունն էլ կարևոր հարց էր, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ քառյակի հանդիպումից հետո լրագրողները փորձեցին Նաիրա Զոհրաբյանին հարցեր ուղղել ԱԺ նախագահի ընտրությունների հարցի հետ կապված, սական նա չցանկացավ այդ հարցի շուրջ խոսել. «Ոչ մի աղմուկ էլ չկա, կուսակցությունը ազատ էր իր այս հարցով»: