Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոմպոզիտորների միությունն ընթացիկ տարում այն, ինչ ծրագրել էր, կյանքի է կոչել: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԿՄ նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ, ճիշտ է, կուզեին անել ավելին, սակայն ֆինանսական միջոցները չեն ներում:
Ըստ նրա` իրենք հույս ունեին, որ իրենց միջոցառումներն ավելի շատ կֆինանսավորվեն, սակայն գումարի բացակայության պատճառով կյանքի են կոչել այն միջոցառումները, որոնք մեծ ծախսեր չեն պահանջում:
«Ֆրանսիայում 4 համերգ ունեցանք, որից միայն երկուսը մշակույթի նախարարությունը կարողացավ ֆինանսավորել, մնացածը փորձեցինք տեղի հայերի միջոցով կյանքի կոչել: Տարեկան մենք 8-10 մլն գումար ենք ստանում մշակույթի նախարարությունից` այս կամ այն միջոցառումը կյանքի կոչելու համար, որը, բնականաբար, մեզ չի բավականացնում: Միությունները սահմանամերձ գոտում են հիմա»,- ասաց Սաթյանը:
Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր չէ Դիլիջանում ունեցած ռեսուրսների հաշվին լուծել միության առջև ծառացած ֆինանսական խնդիրները, քանի որ մինչ ԿՄ նախագահ դառնալը Սաթյանը հենց այդ մասին էր խոսում, նա պատասխանեց` այո, Դիլիջանն այն ռեսուրսն է, որի շնորհիվ կարող են ինչ-որ բանի հասնել: «Բայց նախ` պետք է վերանորոգում կատարել, իսկ դա միլիոններ կնստի մեզ վրա: Հիմա մեկ-երկու ներդրողներ են հայտնվել, և մինչև մայիս քոթեջների դիզայնի հարցը կլուծվի: Հույս ունենք, որ դրանից հետո արդեն կկարողանանք շահագործել դրանք ու ֆինանսական որոշ մուտքեր ապահովել»,- հավելեց Արամ Սաթյանը:
Նա նշեց նաև, որ 2017-ին ուզում են Դիլիջանում մեծ փառատոն անցկացնել, այսինքն` մինչ այդ Դիլիջանը պետք է կարգի բերել:
Սաթյանը նշեց նաև, որ, չնայած ֆինանսական սուղ միջոցներին, իրենք անում են ամեն ինչ, որպեսզի հայ կոմպոզիտորների գործերը հնչեն դրսում, հատկապես` դրսի կատարողների կատարմամբ. նման համերգներ են տեղի ունեցել ԱՄՆ-ում, Հունաստանում, Կորեայում…