կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-23 16:22
Մշակույթ

Ամիրխանյանն ուզում է հաստատվել ″Երազ իմ երկիր″-ով. Արամ Սաթյան

Ամիրխանյանն ուզում է հաստատվել ″Երազ իմ երկիր″-ով. Արամ Սաթյան

Այսօր Կոմիտասի անվան երաժշտության տանը տեղի կունենա Կոմպոզիտորների միության կողմից կազմակերպված համերգ:

 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ համերգի վերջում հնչելու է «Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» » ստեղծագործությունը: Այս օրերին, երբ խոսակցություններ են պտտվում, որ երգի բառերի հեղինակը Հայրիկ Մուրադյանն է, կարծում ենք, հենց այնպես չէ այս գործը մտել ծրագիր:

 

Yerkir.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նշեց, որ համերգը միությունն է կազմակերպել, եւ դա միության աշնանային եւ գարնանային ծրագրերի մեջ է մտնում:

 

«Ցավոք, ես չեմ կարող ներկա գտնվել, քանի որ այսօր մենք նվագախմբով հայկական ջազի 75-ամյակին նվիրված մեծ համերգ ունենք: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հատկապես այս օրերին «Երազ իմ երկիրը» ընդգրկվեց համերգային ծրագրում, պետք է Ամիրխանյանին հարցնել: Ինքն` իր կազմակերպած համերգը»,- ասաց Վարդազարյանը:

 

Իսկ կոմպոզիտոր Արամ Սաթյանը կարծում է, որ այս օրերին այդ երգը միության համերգային ծրագրում ընդգրկելը հատուկ միտում ունի: Ըստ նրա` այս օրերին Ամիրխանյանի յուրաքանչյուր քայլ իր պատճառաբանությունն ունի: Նա զարմանում է` եթե Ամիրխանյանը կարողանում է նման համերգներ կազմակերպել, ինչո՞ւ 22 տարվա մեջ չի արել:

 

«Սպասում էր դանակը ոսկորին հասնե՞ր: Ուրեմն` նա շատ բան կարող էր անել, բայց չի արել: Այդ երգը ծրագրում ընդգրկելով` նա եւս մեկ անգամ ուզում է ինքնահաստատվել, ինչը բնորոշ է թույլ մարդուն: Ինքնահաստատման զգացողությունը, երբ անցնում է չափերը, սարսափելի է: Նա իրեն երիտասարդ կոմպոզիտորի պես է պահում, որը կարող է ամեն ինչ անել, միայն թե ինքնահաստատվի: Իսկ ժամանակը պահանջում է այլ մոտեցումներ»,- ասաց Սաթյանը` հավելելով, որ ինքն Ամիրխանյանի դեմ, որպես գործընկեր, երբեք ոչինչ չի ունեցել: