կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-13 16:38
Մշակույթ

Սա քայլ է դեպի մեծ աշխարհ. Արամ Սաթյան

Սա քայլ է դեպի մեծ աշխարհ. Արամ Սաթյան

Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երեկոն նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոների առթիվ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն առանձնացրեց այս միջոցառումը, քանի որ ընտրված ձևաչափը (երիտասարդ կոմպոզիտորների գործերը ներկայացնում են երիտասարդ կատարողները) ստեղծագործողներին հանրությանը ներկայանալու, մեծ բեմում հանդես գալու հնարավորություն է տալիս։

 

Կատարումներով հանդես եկան ինչպես սկսնակ, այնպես էլ ճանաչված երգիչ-երգչուհիներ (Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Անդրե, Արսեն Գրիգորյան, Լեյլա Սարիբեկյան և այլք):

 

Ըստ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, ով նաև համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն էր, երիտասարդ կոմպոզիտորները մեր ապագան են, և ժամանակը կորոշի, թե որ գործը կսիրվի ունկնդրի կողմից։

 

«Որոշ երիտասարդ կոմպոզիտորների գործեր առաջին անգամ են հնչում նվագախմբային կատարմամբ։ Ժամանակին մեզ էլ են հնարավորություն տվել հանդիսատեսին ներկայանալու, հիմա էլ մենք տանք այդ առիթը մեզնից հետո եկողներին։ Սա քայլ է դեպի մեծ աշխարհ։ Բարի երթ մեր երիտասարդներին»,- ասաց Արամ Սաթյանը։

 

Էդմոնդ Մակարյանը երիտասարդ կոմպոզիտոր է, ում էստրադային գործերը հնչեցին երեկոյի ընթացքում։ Նա հեղինակել է բազմաթիվ կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, գրել է ավելի քան 50 էստրադային երգեր։

 

«Լինելով կոմպոզիտորների նոր սերնդի ներկայացուցիչ՝ բոլորի անունից վստահորեն կարող եմ ասել, որ սա նոր ճանապարհ է երաժշտական աշխարհ մուտք գործող հեղինակների համար»,- ասաց Մակարյանը։

 

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Բելլա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները։ Համերգն ուղեկցվում էր Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան):

 

Երեկոյի կազմակերպմանն աջակցել էր Կոմպոզիտորների միությունը: