կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 16:49
Մշակույթ

Ֆինանսական դժվարություններին չենք նայում, չանելով` ոչ մի արդյունքի չես հասնի. Արամ Սաթյան

Ֆինանսական դժվարություններին չենք նայում, չանելով` ոչ մի արդյունքի չես հասնի. Արամ Սաթյան

Տարին դեռ չի կիսվել, բայց Կոմպոզիտորների միությունն արդեն հասցրել է երեք փառատոն անցկացնել` Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնը, Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ-փառատոնը և Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ սա դեռ ամենը չէ, առաջիկայում` մայիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի շրջանավարտների ավարտական ստեղծագործությունների համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

 

«Շատ-շատ կարևոր է, որ երիտասարդ ստեղծագործողը լսի իր գործը, չէ՞ որ երաժշտությունը հենց այդպես է ապրում: Այս երիտասարդներն ավարտում են կոնսերվատորիան և մտնում կյանք, նրանք պետք է արդեն որոշակի փորձ ունենան: Մենք անում ենք այն, ինչ պետք է անենք, քանի որ չանելով` ոչ մի արդյունքի չես հասնի: Չենք նայում ֆինանսական դժվարություններին` կարևորը ցանկությունն է, որն էլ կա»,- ասաց Սաթյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ վերջին շրջանում նկատելի է երիտասարդների հոսք Կոմպոզիտորների միություն, ինչը ոչ միայն բնական է, այլև ողջունելի: Սաթյանի հավաստմամբ` երիտասարդները շատ ակտիվ գործունեություն են ծավալում և շատ անգամ ամեն ինչ ավելի ճշգրիտ և առաջադեմ հայացքներով են կյանքի կոչում:

 

«Մի խոսքով` ամեն ինչ ոչ միայն ընթանում է իր հունով, այլև շատ լավ է: Կոմպոզիտորների միության` աշնանը կայանալիք միջոցառումները պարզ են, մենք արդեն գալիք տարվա ծրագրերն ենք պատրաստում` առանց դրա չի լինի: Մեզ մոտ, չգիտեմ` ինչու, ընդունված է վերջին րոպեին մի բան անել, ինչը սխալ մոտեցում է»,- ասաց Սաթյանը:

 

Նա խոստովանեց նաև, որ միությունում աշխատանքը շատ է, և ստեղծագործական կյանքը մի քիչ երկրորդ պլանում է հայտնվել, բայց սա ժամանակավոր է. «Ինքս ինձ ստիպում եմ ինչ-որ բան անել, դեռևս լավ չի ստացվում, բայց կարևորը` ես գիտեմ իմ անելիքները: Ժամանակի հարց է, շուտով ամբողջովին ընթացքի մեջ կընկնենք»:

 

Ի դեպ, այսօր Արամ Սաթյանի ծննդյան օրն է: Yerkir.am-ը սիրով շնորհավորում է մաեստրոյի տարեդարձը: