կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 11:47
Տնտեսական

ԱԺ-ն ընդունեց երթևեկության խախտման տուգանքները նվազեցնող և ՓՄՁ-ներին հարկային արտոնություններ նախատեսող օրինագծերը

ԱԺ-ն ընդունեց երթևեկության խախտման տուգանքները նվազեցնող և ՓՄՁ-ներին հարկային արտոնություններ նախատեսող օրինագծերը

ԱԺ արտահերթ նիստի աշխատանքները կշարունակվեն նաև հունիսի 21-ին` շաբաթ օրը: Այս մասին այսօր նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաև ընդգծեց, որ փորձելու է հնարավորություն ստեղծել երրորդ ընթերցմամբ մի շարք օրենքների քննարկման համար:

 

ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էականորեն նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց գանձվող տուգանաքների չափը:

 

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, նա ընդգծեց, որ նման օրինագիծ շրջանառության մեջ է դրել նաև ՕԵԿ խմբակցությունը, ուստի իրենք կողմ կքվեարկեն նախագծին:

 

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հիշեցնելով, որ նախագծում սահմանված դրույթները քառյակի 12 կետերից մեկն է: «Ճիշտ է մեր պահանջն ավելի խիստ էր, սակայն դրական քայլ ենք համարում այս նախագիծը, ուստի` ԲՀԿ խմբակցությունը կողմ կքվեարկի այս նախագծին»,- ասաց նա:

 

ԱԺ-ն նաև քվեարկությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» և հարակից օրենքների նախագծերի օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է նվազեցնել շրջանառության հարկը, ինչպես նաև հարկային արտոնություններ տրամադրել ընտանեկան բիզնեսին: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ընդգծելով, որ իրենք ևս նման նախագիծ ներկայացրել են, որը մերժվել է կառավարության կողմից, ուստի կողմ կքվեարկեն նախագծին:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրենք մի քանի անգամ շրջանառության հարկի նվազեցման վերաբերյալ նախագծեր են ներկայացրել, որոնք նախորդ կառավարությունը մերժել է:

 

«Հաշվի առնելով, որ մենք մի քանի անգամ նմանօրինակ նախագծեր ենք դրել շրջանառության մեջ՝ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի այս նախագծին: Սակայն պետք է ընդգծեմ, որ մեզ համար անընդունելի է ընտանեկան բիզնեսի համար սահմանված` 12 միլիոն դրամ շեմը և ակնկալում ենք, որ այդ շեմը կբարձրացնենք հետագա քննարկումների ընթացքում»,- ասաց Զոհրաբյանը:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագիծն իր մեջ դրական տարրեր պարունակում է, սակայն, միևնույն ժամանակ, նաև ռիսկեր է պարունակում, որոնց չեզոքացումը պայմանավորված է կառավարության գործունեությյամբ: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ կքվեարկի: