կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-21 13:36
Տնտեսական

Հաստատվեց «Աջակցություն ՓՄՁ-ներին» 2016թ. ծրագիրը

Հաստատվեց «Աջակցություն ՓՄՁ-ներին» 2016թ. ծրագիրը

Այսօր կառավարության նիստում հաստատվեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացրած  «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցը:

«1. Կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:

2. ՓՄՁ-ի սուբյեկտներին ուղղված աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական ու գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով ու զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:

3. Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և դրանով իսկ աղքատության հաղթահարման, ինչպես նաև երկրում սոցիալական համերաշխության ու քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ):

4. Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015 թվականին հետևողական աշխատանք է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման քաղաքականության ու ռազմավարության, ՓՄՁ-ի զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև ՓՄՁ-ին պետական աջակցությամբ համապատասխան ծրագրերի իրականացման ուղղությամբ:

5. Այսպիսով «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և «ՓՄՁ ներդրումներ»  ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել շուրջ 6050 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 13243 աջակցության թվաքանակ, մասնավորապես`

1) գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական  աջակցության շրջանակներում. փաստացի` ցուցաբերվել է 12667 անգամ աջակցություն (նախատեսված էր` 8000-10000),

2) ֆինանսական և ներդրումային աջակցության շրջանակներում.  փաստացի` աջակցություն է ցուցաբերվել 225 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի (նախատեսված էր` 150-200),

3) այլ աջակցության շրջանակներում. փաստացի` ցուցաբերվել է 351 անգամ աջակցություն (նախատեսված էր` 300):

6. Ընդ որում` աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 5.1%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 94.9%-ը` ՀՀ մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:

7. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված աջակցության մարզային բաշխվածքը հետևյալն է. ՀՀ Արագածոտնի մարզում` 1239, ՀՀ Արարատի մարզում` 1237, ՀՀ Արմավիրի մարզում` 527, ՀՀ Գեղարքունիքի մարզում` 885, ՀՀ Լոռու մարզում` 2993, ՀՀ Կոտայքի մարզում` 1723, ՀՀ Շիրակի մարզում` 838, ՀՀ Սյունիքի մարզում` 630, ՀՀ Վայոց Ձորի մարզում` 1297, ՀՀ Տավուշի մարզում` 1150, Երևան քաղաքում` 675:

8. Հարկ է նշել, որ 2015 թվականի ընթացքում «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի շրջանակներում բոլոր աշխատանքները (ծրագրային միջոցառումները/ուղղությունները) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվել են առանց ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման. 

1) սույն ծրագրով նախատեսված տեխնիկական բնույթի միջոցառումներն (ուղղություններն) իրականացվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործունեության արդյունքում ստացված եկամուտներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված շահաբաժնի, ինչպես նաև միջազգային ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցների (այդ թվում` համաֆինանսավորման տարբերակով) հաշվին;

2) հիշյալ ծրագրով նախատեսված ֆինանսական բնույթի միջոցառումները (ուղղությունները) վարկային երաշխավորությունների տրամադրման մասով իրականացվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի միջոցների հաշվին, իսկ սեփական կապիտալի ֆինանսավորումը և ուղղակի վարկավորումը` «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ  վարկային  կազմակերպություն ՓԲԸ-ի միջոցների հաշվին,- ասվում է ծրագրում: