Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
Այդ նախագծով պատգամավորներն առաջարկում էին նախորդ տարվա արդյունքներով մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից եւ բացառել ՓՄՁ սուբյեկտների կողմից լրացուցիչ ծախսերի իրականացումը:
Հիշեցնենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, որ նախորդ տարվա արդյունքներով մինչեւ 500 մլն ՀՀ դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները պարտավորվում են ձեռք բերել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ (այսուհետ՝ ՀԴՄ-ներ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 968-Ն որոշմամբ` օրենքի այս դրույթի կիրարկման համար վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:
Կառավարությունն իր բացասական եզրակացությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ նախ' մինչեւ 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մի մասն արդեն իսկ նոր սերնդի ՀԴՄ-ներ դրել են. «Դրանք այն մասն են, ովքեր հանդիսանում են ավելացված արժեքի հարկ վճարողներ, այսինքն' 58.35 միլիոն դրամ տարեկան շրջանառությունից ավելի' մինչեւ 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ԱԱՀ վճարողները, եւ նրանք հազարներ են, արդեն իսկ դրել են այդ մեքենաները»,- նշեց կառավարության եզրակացությունը ներկայացնեղ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
ԱԺ պատգամավորները, որպես իրենց օրենսդրական նախաձեռնության հիմնավորում, նշում են, թե ներկայումս, երբ ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում շարունակվում են առեւտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի իրացման շրջանառության, շահութաբերության շարունակական նվազման միտումները, 160-170 հազ. ՀՀ դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերումը լրացուցիչ ծախսային բեռ է ձեւավորում տնտեսավարող սուբյեկտների համար: Միաժամանակ, այդ գործընթացի իրականացման արդյունավետությունը ինչպես հարկային վարչարարության, այնպես էլ ակնկալվող արդյունքների համատեքստում ակնհայտ չէ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում արդեն իսկ փակվել են շուրջ 1600 գերփոքր սուբյեկտներ, իսկ լրացուցիչ ազատ դրամական միջոցների ներգրավումը առավել դժվար է:
Այս դրույթի վերաբերյալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, թե վարչապետի գլխավորությամբ այժմ միջոցներ են որոնվում, որպեսզի ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով այդ նոր սերնդի ՀԴՄ-ները փոխհատուցումով կամ անվճար, կամ այնպիսի հարմար պայմաններով տրամադրվեն ՓՄՁ-ին, որ իսկապես նրանց համար ծանր բեռ չլինի դրանց ձեռքբերումը:
«Առաջիկայում կառավարությունն այդ հարցին կանդրադառնա, ուստի ճիշտ է ոչ թե ընդհանրապես ազատելն ու չտրամադրելը, այլ երկու միասնական' նույն ՀԴՄ-ներ ունենալը, սակայն, կրկնում եմ, նաեւ օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները, փորձենք աջակցել ՓՄՁ-ին այդպիսի մեքենաներ օրենքով սահմանված ժամկետներում տրամադրելու հարցում: Այդ իսկ պատճառով բացասական է մեր եզրակացությունը»,- նշեց Արմեն Ալավերդյանը: