Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած հեռուստաբանավեճի ժամանակ, որին հյուրընկալվել են ԱԺ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քննարկվում էր տնտեսության առողջացման, աշխատատեղերի ստեղծման և գործազուրկների կրճատման հարցը: ՀՅ Դաշնակցության համամասնական և վարկանիշային ցուցակով թեկնածու առաջադրված Արթուր Խաչատրյանը ներկայացնելով ՀՅԴ նախընտրական ծրագրի տնտեսական քաղաքականությունը, նշեց, որ այն հիմնված է երեք սյուների վրա` առաջանցիկ տնտեսական աճ, որտեղ էական դերակատարում ունի պետությունը, ներառականություն և սոցիալական արդարություն, կայուն տնտեսական զարգացում, որում կարևորվում են բնապահպանության, կրթության ու առողջապահության հարցերը:
Խոսելով սոցիալական արդարության մասին, Արթուր Խաչատրյանը նշեց,որ հասարակության մեջ գնալով խորանում է սոցիալական բևեռացումը, անկախ այն բանից, որ առկա է տնտեսական աճ:
«Մարդկանց մեծ մասի բողոքը ոչ թե նրանից է, որ մարդը քիչ գումար ունի, այլ նրանից, որ մարդը աշխատում է, բայց չի ստանում իր աշխատանքին համարժեք աշխատավարձ: Եվ կառավարությունների նպատակը պետք է լինի` ապահովել այդ սոցիալական արդարությունը` վերաբաշխիչ գործառույթի, փոքր ու միջին ձեռնարկություններին և տեղական արտադրողին օժանդակելու միջոցով: Մենք միակ կուսակցությունն էինք, որ ասում էինք` տնտեսական աճից բացի կարևոր է նաև արդար բաշխումը»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով` մակրոմիջավայրի հետ կապված կան խնդիրներ, ճիշտ է` համարվում է, որ հիմա չկան օլիգարխներ, սակայն դեռևս մնացել են գերիշխող դիրք ունեցողները: Եվ, Արթուր Խաչատրյանի կարծիքով, քանի դեռ կան գերիշխող դիրք ունեցողներ, ՓՄՁ-ները չեն կարող զարգանալ: Գերիշխող դիրք ունեցողների դեմ պետք է պայքարել լրացուցիչ հարկման, բաց բաժնետիրականացման տանելու միջոցով: Մյուս խնդիրը ձեռնարկությունների ցածր արտադրողականությունն է:
«Եթե նայենք, ձեռնարկությունների տնօրենների մեծ մասը չունի բիզնես կրթություն: Մարդիկ հիմնականում աշխատում են քթի ծակով, բարեկամությունով, ծանոթությունով: Ուստի պետք է աջակցել փոքր ձեռնարկություններին, որպեսզի բիզնես կառավարման մեջ նրանք կարողանան մի աստիճանով վերև բարձրանան»,- ասաց նա:
Ըստ Արթուր Խաչատրյանի, միայն ներդրումներ ապահովելը քիչ է, պետությունը էականորեն պետք է ազդեցություն և աջակցություն ունենա: Բացի այդ, Դաշնակցությունը առաջարկում է մտցնել պրոգրեսիվ հարկման մեխանիզմ: Քանի որ շուկան փոքր է, ներդրողները ստիպված են կամ արտահանեն կամ ներմուծմամբ փոխարինեն, և եթե նման մեխանիզմներ ստեղծվեն, դա կլինի աջակցություն տեղական արտադրողին:
«Պետք է միշտ շեշտը դնել ազգային արժեքի ստեղծման վրա , դրա ստեղծողների միջև արդար բաշխման վրա»,- ասաց Արթուր Խաչատրյանը: