կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-20 12:45
Հասարակություն

«Յունիբանկ»-ը տարեկան 8% տոկոսադրույքով վարկեր կտրամադրի արտահանմամբ զբաղվող ՓՄՁ-ներին

«Յունիբանկ»-ը տարեկան 8% տոկոսադրույքով վարկեր կտրամադրի արտահանմամբ զբաղվող ՓՄՁ-ներին

Այսօր «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում արտահանմամբ զբաղված ՓՄՁ-ներին կտրամադրվեն առավել մատչելի պայմաններով վարկեր` սկսած 8% տարեկան տոկոսադրույքից:

ՓՄՁ-ների վարկավորման ծրագրերի ընդլայնման շնորհիվ «Յունիբանկը» նպաստում է ձեռնարկությունների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակներն ուղղված են բիզնեսի` առավել մատչելի պայմաններով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկի բավարարմանը և վարկավորման գործընթացի առավել հարմարավետ կազմակերպմանը:

Համաձայնագիրը ստորագրեցին «Յունիբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը:

Հակոբյանը նշեց, որ իրենք 2018 թվականը նախատեսում էին սկսել նոր քայլերով, որոնցից մեկն այս համաձայնագրի ստորագրումն է և դրա շրջանակներում նոր գործիքի ներառումը «Յունիբանկի» ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդների համար:

«Լիովին համոզված ենք, որ այս գործիքը պահանջված կլինի մեր հաճախորդների համար: Բանկը ներկայումս մշակում է գործընթացներ, որոնք թույլ կտան առավելագույնս արագ և հարմար եղանակով հաճախորդներին տրամադրել այս գործիքից օգտվելու հնարավորությունը: Նմանատիպ գործիքների կիրառումը հաճախորդի համար հարմարավետությունն է, արագությունը և հասանելիությունը, որպեսզի նրա համար հասկանալի և պարզ լինի` ինչի համար է նա վճարում, ինչ է ստանում դրա դիմաց»,- ասաց նա:

Հակոբյանն ընդգծեց նաև, որ լուծվում է գրավի խնդիրը հաճախորդների համար: «Լրացուցիչ գրավադրման խնդիր չկա, 90 տոկոսով ռիսկը ծածկվում է ապահովագրության կողմից: Վարկերը կարճաժամկետ են, քանի որ արտահանման համար են նախատեսված»,- ասաց նա և հավելեց, որ  համոզված են` այս պրոյեկտը կունենա հաջողություն:  

Շահնազարյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության և «Յունիբանկի» համագործակցությունը տվյալ ոլորտում պետք է մեծ և շոշափելի արդյունքներ տա: «Հիմնական երկու գործիքակազմերով ենք աշխատելու բանկի հետ` արտահանման ապահովագրություն և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն: Ավելի քան համոզված եմ` մենք առաջիկայում կունենանք արդեն առաջին կնքված պայմանագրերը «Յունիբանկի», համապատասխան արտահանողների և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության միջև»,- ասաց նա:

Հակոբյանը հայտարարեց, որ մինչև ստորագրելն արդեն իսկ ունեն հաճախորդներ, ովքեր պատրաստ են, օր օրի սպասում են` երբ է այս համաձայնագիրը ստորագրվելու, որպեսզի կարողանան դիմել` այդ գործիքից օգտվելու համար: