կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 21:44
Հասարակություն

Ոչ թե խտրականություն, այլ տարբերակված մոտեցում. Արտեմ Ասատրյան

Ոչ թե խտրականություն, այլ տարբերակված մոտեցում. Արտեմ Ասատրյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի փաթեթը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ասելով, որ նոր օրենքի փաթեթը չի ենթադրում մոդելի փոփոխություն, և նույն գաղափարախոսությունը մնացել է:

 

Բացի դրանից, Մելքումյանի գնահատմամբ, ավելացել է ոլորտային և տարիքային խտրականությունը. մի ոլորտին պարտադրում են, որ պետք է այդ վճարը մուծի, և այդ առումով խտրականությունը չի կարող որևէ կերպ արդարացվել: «Անունը դրել եք նպատակային սոցիալական վճար, բայց մոռանում եք, որ այսօրվա եկամտային հարկը ներառում է երկու սոցիալական վճար: Ի՞նչ եք կարծում, ո՞նց կարող է որևէ բեռ չդրվել աշխատողի վրա»,- հարցրեց Միքայել Մելքումյանը:

 

Արտեմ Ասատրյանը նշեց, որ որոշումները կայացվել են ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական աշխատանքների արդյունքում: «Հնարավորությունը սահմանափակ է եղել հանրային քննարկումների համար: Ինչ վերաբերում է խտրականությանը, ապա խտրականությունն ու տարբերակված մոտեցումները տարբեր բաներ են: Մենք օրինակներ ունենք, և դա ոչ միայն մեր երկրին է հատուկ, երբ գործ ունենք մասնակցության տարբերակված մոտեցման հետ: Որևէ այլ մոդել չի առաջարկվել: Չեմ կարծում` որևէ մեկը ռեալ կարող է ասել, թե այս մոդելը չի համապատասխանում ինչ-ինչ նպատակների: Այս մոդելը ձևավորվել է բազմաթիվ լավագույն մասնագետների կողմից, նրանք հարգանքի արժանի են: Վերջին երկու ամսվա ընթացքում օր ու մեջ քննարկում է եղել վարչապետի մոտ` այդ մասնագետների մասնակցությամբ»,- ասաց նախարարը:

 

Օրենքի խտրական բնույթի դեմ ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա ասաց, որ խտրական գծերն ավելացել են ևս երկուսով, ուստի նոր օրենքը կրկին հակասահմանադրական է: «Չեմ հասկանում, ՍԴ որոշումը ձեզ խրատ չեղա՞վ, հատուկ փորձագետնե՞ր են պետք, որ դա ասեն, թե՞ կարծում եք, որ ՍԴ-ն, միևնույն է, գտնվում է ձեր գրպանում, և այս անգամ ՍԴ-ն նոր օրենքը հակասահմանադրական չի ճանաչի»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Նախարարն արձագանքեց, որ նոր փաթեթը որևէ կերպ չի առնչվում ՍԴ իրավական նորմերին: