Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով կուտակային նոր օրենքի մասին, նշեց, որ դեռ չի պատկերացնում, թե ինչպիսին կլինի նոր օրենքը, քանի որ ներկայումս աշխատանքներ են տարվում ամբողջական փաթեթի ուղղությամբ, և հույս ունի, որ մինչև սեպտեմբերի 30-ը կառավարությունը կհասցնի մշակել օրենքը և ներկայացնել քննարկման:
Հարցին` արդյո՞ք կառավարության նախագիծը, որը ժամանակավոր լուծում է առաջարկում, չի վերաբերում ակտիվ ու համարձակ քաղաքացիներին, մինչդեռ պասիվ մեծամասնությունն այդպես էլ չի կարողանա այն կիրառել, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ, որովհետև այս ընթացքում բավական մեծ, բավական բարձր իրազեկվածություն են ունեցել բոլոր քաղաքացիները: Դա քաղաքացիների համար լավ հնարավորություն է, որ իրենք իրենց կենսաթոշակային ապահովման խնդիրներին ավելի լավ իրազեկված լինելով, նաև` ըստ անհրաժեշտության, իրենց որոշումները կայացնեն»:
Նախարարը նշեց, որ նոր համակարգը ենթադրում է մասնակցություն ապագա կենսաթոշակին երեք կողմերի` պետություն, գործատու, աշխատող հարաբերություններում: Ըստ նրա` այդ երեք կողմերի ամբողջական մասնակցությունը թույլ կտա պատշաճ կենսաթոշակը իրականություն դարձնել, միայն պետության ցանկությամբ դա դժվար է իրականացնել:
Մեր այն հարցին` հույս ունի՞, որ նոր օրենքը հանրության աջակցությունը կստանա, նախարարը պատասխանեց. «Ես մեծ ցանկություն ունեմ: Հիմնական խնդիրը, որը ներկայացվեց, այն էր, որ, այսօրվա աշխատող քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված, եկամուտները նվազում են և այլն, ուրեմն պետք է լուծումներ գտնել, որ անցումային համակարգում հնարավորինս քիչ բացասական ազդեցություն լինի քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակի վրա»:
Yerkir.am-ի այն հարցին` իրազեկվա՞ծ է, արդյոք, ինքը` նախարարը, որ կուտակայինի վերաբերյալ ամբողջ պատմության արդյունքում իր ելույթները բավական շատ քննադատությունների են արժանացել, նախարարը պատասխանեց. «Նորմալ է, որ ինձ քննադատում են, որովհետև եթե աշխատանք ես անում, ուրեմն քննադատություն էլ կլինի»: