Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր էր 2014 թվականի հուլիսի 1-ից: Այս կապակցությամբ, որպես ՓՄՁ աջակցության ծրագրերի շարունակություն, կառավարությունն այսօր որոշեց ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նախ' նշված ժամկետը հետաձգել, նաեւ սահմանել նոր ՀԴՄ-ների ձեռքբերման տարբերակված գներ:
Ընդ որում, ըստ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, սահմանամերձ գյուղերի համար սահմանվում է, որ ՀԴՄ-ները պետք է տրամադրվեն անվճար, իսկ այլ գյուղերում' տարբերակված գների արժեքի 50 տոկոսի չափով:
Կառավարության որոշմամբ` 2013 թ. հարկային տարվա արդյունքներով 30-58,35 միլիոն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ների ներդրման ժամկետ սահմանել 2014 թվականի օգոստոսի 1-ը, իսկ ՀԴՄ արժեքը' 150 հազար դրամ, 10-30 միլիոն դրամ հասույթ ունեցողների համար' 2014 թվականի հոկտեմբերի 1-ից ՀԴՄ գինը' 120 հազար դրամ, 5-10 միլիոն դրամ հասույթ ունեցողներ համար' ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ը, ՀԴՄ գինը' 80 հազար դրամ, եւ մինչեւ 5 միլիոն դրամ հասույթ ունեցող հարկ վճարողների համար ժամկետը սահմանվեց 2015 թվականի հունվարի 11-ը, իսկ ՀԴՄ արժեքը' 60 հազար դրամ:
«Բայց այստեղ կարծիք կա, որ մինչեւ 5 միլիոն դրամ հասույթ ունեցողների կապակցությամբ պետք է աշխատանքներ տարվեն, քանի որ սա ամենաներքին շեմն է, եւ կառավարությունը պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերի նրանց նկատմամբ: Խոսքը վերաբերում է շուրջ 37 հազար տնտեսվարողենրի»,- նշեց նախագիծը ներկայացնող Գագիկ Խաչատրյանը:
Վարչապետը դիմեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ու նշեց, թե կարեւոր է, որ հանրությունը մանրամասն տեղեկացվի կառավարության այս ձեռնարկի մասին:
«Եթե մենք ՓՄՁ-ի 30-58,35 միլիոն դրամ հասույթ ունեցողներին տրամադրում ենք ինքնարժեքով, 10-30 միլիոն շրջանառություն ունեցողներին' մեր 7960 ՓՄՁ-ի գործընկերներին, փաստորեն, 35 հազար դրամ յուրաքանչյուրին զիջում ենք, ու բյուջեի վրա դա մոտ 239 միլիոն դրամի բեռ է առաջացնում: Իսկ 5-10 միլիոն հասույթ ունեցողներին, որոնք 9687-ն են, մենք տալիս ենք 80 հազար դրամով, յուրաքանչյուր ՀԴՄ-ի մեջ մենք կորցնում ենք 70 հազար դրամ, եւ գումարը ընդհանուր կազմում է 678 միլիոն դրամ, որ նորից մնում է կառավարության ուսերին, եւ մինչեւ 5 միլիոնը, որ Դուք ասացիք, փաստորեն, 37 հազար 552 տնտեսվարողի դեպքում եթե մենք ժամկետը հետաձգում ենք եւ իրենց տրամադրում ենք ՀԴՄ' 60 հազար դրամով, մենք կորցնում ենք յուրաքանչյուր ՀԴՄ-ի մեջ 90 հազար դրամ, որը կազմում է, մոտ 3 միլիարդ 380 միլիոն բեռ, որ նորից մնում է բյուջեի վրա: Սահմանամերձ գյուղերում ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար' 150 միլիոն դրամ էլ այստեղ ենք կորցնում... Սա հարկավոր է հանրությանը ներկայացնել, որ ընդհանուր 4 միլիարդ 380 միլիոն բեռ է ավելանում կառավարության վրա, քանի որ մենք գնում ենք ՓՄՁ-ներին աջակցելու այս գործընթացին»,- արագ հաշվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՓՄՁ աջակցության այս ծրագիրը նաեւ շարունակություն ունի, եւ, ինչպես նշեց Գագիկ Խաչատրյանը, պետք է ՓՄՁ-ներին ապահովեն նաեւ հասանելի ու մատչելի ֆինանսական ռեսուրսներով, ինչի կապակցությամբ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները աշխատում են նաեւ միջազգային կառույցների հետ: