կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-23 15:25
Հասարակություն

Գնաճն ամենաշատն է մեզ մտահոգում. Արտեմ Ասատրյան

Գնաճն ամենաշատն  է մեզ մտահոգում. Արտեմ Ասատրյան

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանեց  լրագրողների հարցին, թե ներկայումս չկա՞ն չարաշահումներ ու կոռուպցիոն երևույթներ ոլորտի որոշ պաշտոնյաների կողմից: Լրագրողները նաև հիշեցրեցին իրականացրած խոշոր չարաշահումների համար ազատազրկված Վազգեն Խաչիկյանի գործը:

 

Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Եթե ես տեղյակ լինեի չարաշահումների մասին, ապա, բնականաբար, համապատասխան ընթացք կտայի, և դրանով կզբաղվեին իրավապահ մարմինները: Չարաշահումների մասին կարող են խոսել, բայց չներկայացնել որևէ կոնկրետ օրինակ, ինչը ես ճիշտ չեմ համարում»:

 

Նախարարը կարևորեց չարաշահումների նվազեցման գործում հասարակության հետ համագործակցությունը, որովհետև պետական համակարգի համար դժվար է միայնակ վերահսկել ոլորտը, մանավանդ, երբ դրանք միայն խոսակցությունների մակարդակում են լինում: Արտեմ Ասատրյանը շատ կարևորեց քաղաքացիների իրազեկված լինելը, իրենց իրավունքների մասին տեղեկացված լինելը, որովհետև միայն այդ դեպքում է, որ պաշտոնյայի գործողությունները չեն ընկալվի որպես շնորհ, այլ կընդունվեն որպես պարտականություն:

 

Նախարարը օրինակ բերեց մի դեպք, երբ մի քաղաքացի զանգահարել է սոցիալական ոլորտի թեժ գծին` 114 համարով, հետո անջատել, ոչինչ չի ասել, քիչ անց կրկին զանգահարել է ու ասել` շնորհակալություն: Երբ հարցրել են, թե ինչո՞ւ է շնորհակալություն հայտնում, քաղաքացին պատասխանել է. «Երբ իմացան, որ թեժ գծին եմ զանգում, խնդիրը միանգամից լուծվեց»:


Արտեմ Ասատրյանը հավելեց, որ չարաշահումների խնդիրը, իհարկե, չի լուծվելու միմիայն քաղաքացիների իրազեկվածության բարձրացմամբ, սակայն դա կարևոր գործոն է: 

 

Ինչ վերաբերում էր Վազգեն Խաչիկյանին, Արտեմ Ասատրյանը նշեց. «Պաշտոնյաներն էլ կարող են սխալվել, այնպես, ինչպես լրագրողները կարող են սխալվել: Իհարկե, պետական պաշտոնյաների կատարած սխալները ավելի մեծ բացասական  ազդեցություն ունեն մեր քաղաքացիների և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, այնուամենայնիվ, սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատողները միտված են ծառայելու այդ համակարգին, որ ամենավերջին լուման հասնի իր հասցեատիրոջը: Ոմանց դա հաջողվում է, ոմանց էլ չի հաջողվում: Իսկ այս կամ այն սուբյեկտին գնահատական տալուց առաջ կցանկանայի հարցին նայել բոլոր կողմերից»:


Հարց հնչեց նաև գործազրկության մասին, թե որքանո՞վ է նախարարությանը հաջողվել նվազեցնել այն: Նախարարը նշեց, որ գործազրկության հետ առնչվող գործոնների շատ քիչ մասն է առնչվում սոցիալական պաշտպանության ոլորտին: «Տնտեսական զարգացումն է բերում գործազրկության ու աղքատության նվազեցում, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը պետք է ուղղվեն ազքատության մեղմացմանը»,- ասաց նա:


Yerkir.am-ի հարցին` ինչքանո՞վ է  դեկտեմբերի վերջին գրանցված գնաճը խորացնելու աղքատությունը, և արդյոք՞ նախարարությունը կվերանայի այդ դեպքում աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Գնաճը ամենաշատն է մեզ մտահոգում, որովհետև դա  անմիջականորեն վերաբերելու է սոցիալապես անապահով խավերին ու թոշակառուներին: Դեռևս չունենք կայունացման գործընթաց արժույթի շուկայում: Հուսով ենք, որ  գնաճի մակարդակը կլինի բյուջեով պլանավորված սահմաններում, հակառակ դեպքում` ենթադրվում է տնօրինվող եկամուտների ավելացում, սակայն այդ մասին կարող ենք ցուցանիշներ հրապարակել միայն այն ժամանակ, երբ վերջնականապես կկայունանա վիճակը»: