կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 13:51
Քաղաքական

Քաղաքականությունն ուղղված է աղքատության կրճատմանը. Արտեմ Ասատրյան

Քաղաքականությունն ուղղված է աղքատության կրճատմանը. Արտեմ Ասատրյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որը վերաբերում էր տարվող քաղաքականությանը:

 

«Փաստորեն, վերջին տարիների օրենսդրությամբ` և' աշխատողին, և' չաշխատողին նպաստ ենք տրամադրում: Հետևողականորեն, կարծես, ոչնչացնում ենք սոցիալական ապահովության համակարգը: Հեռանկարում ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքականությունը ոլորտում` ընդհանրապես»,- հարցրեց Աղվան Վարդանյանը:

 

Նա նաև հետաքրքրվեց, թե որքա՞ն են ավելացել ծախսերը մայրության մասով` առանձին, և անաշխատունակության մասով` առանձին:

 

«Այն դեպքերը, որոնք ստիպեցին գնալ այդ փոփոխություններին, բաժանենք ըստ մասնավորի ու պետականի, որովհետև նշում ենք, որ մասնավոր հատվածում բարձր աշխատավարձեր են, բայց պետական համակարգում նույնպես կան ոլորտներ, որտեղ բարձր աշխատավարձեր են ստանում, այդտե՞ղ ինչ իրավիճակ է»,- հարցրեց պատգամավորը` հետաքրքրվելով նաև անցյալ տարվա և այս տարվա կատարողականներով:

 

Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Աշխատողներին և չաշխատողներին  նպաստներ տալու քաղաքականության մեջ նման դրույթ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է սոցիալական աջակցության պասիվ ծրագրերին, ապա դրանք պետք է ուղղորդվեն աղքատության գծից ցածր անձանց, այսինքն` քաղաքականությունը պետք է ուղղված լինի աղքատության կրճատմանը: Ինչ վերաբերում է կատարողականի նույն ցուցանիշները պահպանելուն, ապա դա հնարավոր է եղել խնայողությունների միջոցով»: